Արցախից 100 հազարից ավելի տեղահանված քաղաքացիների խնդիրները բազմազան ու բազմաբնույթ են: Առնվազն պաշտոնական մակարդակում Կառավարությունը հայտարարել է, որ ջանք չի խնայելու մեր հայրենակիցներին Հայաստանում բնականոն կյանք ապահովելու ուղղությամբ:
Այս պահին դեռեւս վերջնականապես հստակեցված չէ, թե ինչ կարգավիճակ են ունենալու արցախցիները: Նրանց տրվելու է փախստականի հատուկ անձնագիր, բռնի տեղահանված արցախցիներին պետությունը դիտարկելու է որպես ժամանակավոր տեղահանվածների. այնպես, ինչպես եվրոպական պետություններում դիտարկվում են ուկրաինացիները, թե բոլորին առաջարկվելու է ՀՀ քաղաքացիություն՝ դրանից բխող իրավունք-պարտականությունների համալիրով:
Իրավաքաղաքական այս խնդիրն առժամանակ մի կողմ թողնենք: Փորձենք քննարկել արցախցիների անմիջական կարիքներն ու նրանց հետ մեր պետության հեռանկարները:
Հանուն արդարության պետք է արձանագրել, որ տեղահանման առաջին փուլում Հայաստանի Կառավարությունը ջանք չի խնայել հնարավորինս արագ եւ կազմակերպված ընդունելու մեր հայրենակիցներին: Արդյունավետ է աշխատել Կոռնիձոր-Գորիս-Վայոց ձորում հաստատված միգրացիոն ծառայությունը, որտեղ արցախցիները գրանցվել են, ինչի արդյունքում տվյալների նախնական բազա է ձեւավորվել:
Հրաշալի են աշխատել կամավորական խմբերը, հատկապես Գորիսի պետհամալսարանի ուսանողները, մարզային հասարակական կազմակերպություններն ու մարզային կառույցները: Ընդհանուր առմամբ ներգաղթի առաջին օրերին պետական եւ հանրային կառույցներն աշխատել են հնարավորինս ներդաշնակ ու համերաշխ:
Առաջին այս շոկային փուլը մեղմելու նպատակով Կառավարությունը որոշում է կայացրել յուրաքանչյուր տեղահանվածի 100- հազարական միանվագ դրամական աջակցություն տրամադրելու, ինչպես նաեւ կացության վարձավճարների համար ընտանիքի յուրաքանչյուր անդամին 50-հազարական դրամ հատկացնելու վերաբերյալ:
Բժշկության լեզվով բնութագրելիս սա ժգուտով արյունահոսությունը կանգնեցնելու առաջին որոշում կարելի է համարել, որից հետո հնարավոր է դառնում կարիքավորին ստացիոնար օգնություն տրամադրել: Այս գործընթացը եւս ընդհանուր առմամբ արդյունավետ կարելի է որակել: Ասում եմ ընդհանուր առմամբ, քանի որ միակ խնդիրն այս պահին լոգիստիկ է` փողի փոխանցման համար բանկային հաշվի առկայություն:
Նշված կոնկրետ գործողություններից զատ՝ աշխատել եւ աշխատում են նաեւ արցախցիների հիմնարար այլ կարիքները լուծելու պետական ինստիտուտների գործիքները, սակայն դեռեւս կարճաժամկետ: Կրթություն, առողջապահություն, սոցիալական ծառայություններ, զբաղվածություն, սոցիալ-մշակութային ընդհանուր ինտեգրացիոն ծրագրեր եւ այլ ուղղություններով պետք է օր առաջ ունենալ միջնաժամկետ եւ երկարաժամկետ տեսլական-ռազմավարություն:
Սա առաջին հերթին անհրաժեշտ է, որպեսզի հենց իրենք՝ արցախցիներն իմանան, թե ինչ հեռանկար ունեն Հայաստանում մնալու պարագայում եւ, ինչպես արդեն իսկ պաշտոնապես հայտարարվել է, չմիանան Ռուսաստան մեկնած 3000 քաղաքացիներին:
Արցախցիների ինտեգրման համապարփակ ծրագրի մշակման ընթացք կարծես թե տրվել է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի կողմից: Այն պետք է վերը նշված ոլորտներում անելիքի ծրագրային քաղաքականություն առաջարկի, ինչպես նաեւ ներկայացնի այդ ծրագիրն իրականացնելու նպատակով ֆինանսական միջոցների ծավալը: Հուսանք, որ ծրագրի հիմնական կմախքը շուտով հասանելի կլինի, ընդ որում՝ այն, բյուրոկրատականից զատ, նաեւ հանրությանը հասանելի լեզվով կմատուցվի բոլորիս:
Ծրագրից զատ, սակայն, է՛լ ավելի կարեւոր են դրա իրականացման կերպն ու ընթացքը: Հաշվի առնելով խնդրի մասշտաբայնությունը՝ անհրաժեշտ է ձեւավորել առանձին կառույց, օրինակ՝ Համաշխարհային բանկի ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) տրամաբանությամբ:
Նկատի ունենալով, որ գործող Կառավարության ղեկավարն առանձնապես չի սիրում ԾԻԳ-երը՝ թող անունն այլ բան դնեն, օրինակ` Արցախից տեղահանվածների ինտեգրացիայի գրասենյակ ՊՈԱԿ: Արդյունավետության համար այն պետք է բարձր քաղաքական մանդատ ունենա` մի շարք հստակ գործառույթներով.
- Միջգերատեսչական աշխատանքների համակարգում մի քանի մակարդակում (Կառավարություն, ՏԻՄ-եր եւ այլն).
- Ուղիղ, ամենօրյա աշխատանք արցախցիների հետ.
- Միջազգային դոնոր կառույցների ծրագրերի համակարգում.
- Աշխատանք Սփյուռքի հետ.
- Ընթացիկ փոփոխվող կարիքների գնահատում եւ ռազմավարության ճշգրտում.
- Աշխատանք հանրային կառույցների (հիմնադրամներ, ՀԿ-ներ եւ այլն) հետ.
- Ներքին եւ արտաքին քարոզչություն։
Վերը նշված գործառույթները բնականաբար ամբողջական չեն, սակայն դրանք առավել քան տեսանելի են արդեն հիմա, երբ տեղահանությունից ընդամենը մեկ ամիս է անցել: Այս ամենը, սակայն, անելիքի տեխնիկական ու գործնական հատվածն է միայն: Է՛լ ավելի կարեւոր է, եթե ոչ առանցքային, այս կառույցի ղեկավարի ընտրությունը: Նշված դժվար աշխատանքն իրականացնելու համար, որքան էլ էմոցիոնալ հնչի, անասելի կարեւորություն ունի հոգի եւ սիրտ դնելը:
Կառավարության տեխնոկրատ համակարգողով նման գործը գլուխ չես բերի, այստեղ պետք է արժեքային խորությամբ քաղաքական նշանակում, այնպես, ինչպես ժամանակին Բերձորի վերաբնակեցման գործը վստահվեց գիտնական, Ղարաբաղ կոմիտեի անդամ Ալեքսան Հակոբյանին:
Բարձր բարոյականության ու առաքինությունների տեր Հակոբյանի մասին ես չէ, որ պիտի խոսեմ: Այստեղ միայն մի փաստ արձանագրեմ. միայն 1994-ից հետո՝ հետպատերազմական ծանրագույն շրջանում, մի քանի տարվա ընթացքում Բերձորի շրջանի վերաբնակների թվաքանակն անցավ տասը հազարից:
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։