Առավելագույնը հինգ օր, մեկ շաբաթ կամ մինչեւ նոյեմբեր․ հյուրանոցներում ու հյուրատներում վերջնաժամկետ են տվել իրենց հարկի տակ ապաստանած արցախահայերին, որ տուն գտնեն եւ տեղափոխվեն։ Ծնողների, եղբոր, ամուսնու եւ չորս զավակների հետ Ալավերդու հյուրատներից մեկում տեղավորված Անին չի շտապում տուն գտնել․ ամեն բան անորոշ է։
Հյուրատանը նրան ասել են՝ որքան կուզեք, մնացեք։ Հատկապես որ երեխաներն այստեղ դպրոց ու մանկապարտեզ են գնում, հարմարվել են։ Խնդիրն այն է, որ արցախահայերի աջակցության որեւէ ծրագիր այս ընտանիքին դեռ չի հասել, պետության կողմից տրվող 100 հազարները՝ նույնպես։
Անհրաժեշտ բոլոր տեղերում գրանցվել են, քարտային հաշիվներ բացել եւ սպասում են՝ ամեն նոր օրը առանց փողի սկսելով։
«Մինչեւ հյուրանոց գալը, երբ Մասիսից հասանք Ալավերդի, միանգամից քաղաքապետարան գնացինք։ Ամուսինս բոլորիս թղթերը տարավ, գրանցեց։ Հետո մեզ բերեցին հյուրանոց։ Հաջորդ օրը ամուսինս գնաց սոցապ։ Հարցրել են՝ ինչի՞ կարիք ունեք, ասել է, որ էրեխեքին տաք հագուստ է պետք, գոնե մի քանի բան, որ կարողանանք տանել մանկապարտեզ»,- պատմում է Անին։
Թե՛ Ալավերդու համայնքապետարանում եւ թե՛ Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնում, ըստ գործող կարգի, ընտանիքի անդամներին հաշվառել են, նշել նախնական կարիքները։ Բայց Ալավերդիում գտնվելու 20 օրերի ընթացքում Տոնյանների ընտանիքը նշված կառույցներից որեւէ աջակցություն չի ստացել։ Նրանց այցելած անհատները, որ երեխաներին քաղցրավենիք, հագուստ եւ որոշ պարագաներ են նվիրել, հյուրատան տերերի ծանոթ-բարեկամներն են եղել։
«Ինչ արել, հյուրանոցն է արել։ Մի փոքր գումար ա էղել մեր ձեռքին, ասել ենք՝ գոնե օրվա հացը առնենք։ Ինը ամիս խաբել ենք էրեխեքին՝ էս չկա, էն չկա։ Մի կերպ դիմացել են։ Հիմա մտնում ենք խանութ, ամեն ինչ կա, գումար չկա»,- սրտնեղում է Անին՝ չմոռանալով շնորհակալություն ասել դպրոցին, մանկապարտեզին, ծնողներին, որ այս ընթացքում աջակցել են։
Անին դժգոհող տեսակ չէ․ ամեն երկրորդ բառը շնորհակալությունն է՝ ուղղված իրենց ձեռք մեկնած մարդկանց։ Բայց ամեն օրվա տարրական կարիքներն, ասում է, իրե՛նք պետք է հոգան, ոչ թե ուրիշները։ Մեկ տարեկան երեխան տակդիր չունի, մյուսը կոնֆետ է ուզում, ինքը մրսել-հիվանդացել է, սովորական ջերմիջեցնող է պետք։ Եվ հաջորդում է հարցը՝ ինչպե՞ս գնել։
Անին նկատում է՝ մարդիկ շուտով բնակվարձի եւ կոմունալ վճարումների համար նախատեսված աջակցությունը կսկսեն ստանալ, իսկ իրենք դեռ սպասում են 100 հազարներին եւ ավագ որդու՝ 12-ամյա Գոռի տվյալների նույնականացմանը․ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների բազայում դրանք բացակայում են։ Խնդիրը համայնքի մակարդակում հնարավոր չէ լուծել։
Ալավերդու համայնքապետարանի սոցիալական աշխատող Արմինե Շախկյանն ասում է՝ նույնականացում եղել է, պարզապես համակարգային խնդիր է առաջացել, եւ որոշակի տվյալների հստակեցման անհրաժեշտություն կա․ Միգրացիոն ծառայությունից իրենց հայտնել են, որ հարցը մինչեւ նոյեմբերի 10-ն է լուծվելու։
Ինչ վերաբերում է բռնի տեղահանված արցախցիների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված աջակցությանը, համայնքապետարանի սոցիալական աշխատող Աստղիկ Դավիթավյանը պարզաբանում է․
«Հոկտեմբերի 19-ի դրությամբ մարզպետարանից ստացել ենք 16 հատ տարբեր համարի տակդիրներ, որոնք բաշխվել են, մեկ-երկուսն են մնացել։ Ստացել ենք նաեւ 25 հատ վերմակ, բարձ, 15 հատ ծածկոց եւ այլն։ Առաջիկայում սպասում ենք նոր խմբաքանակի»։
Նշված աջակցությունից Տոնյանների ընտանիքի ամենակրտսերն է օգտվել՝ շիլա։
«Հենց գնում եմ սոցապ, ասում են՝ ի՞նչ եք որոշել, մնալո՞ւ եք էստեղ։ Պատասխանում եմ, որ ուզում ենք մնանք։ Փորձում ենք աշխատանք գտնել։ Բայց ոչ մեկը ոչ մի բանով չի օգնում, ո՞նց մնաս։ Քսան օր ա՝ էստեղ եմ, մի հատ թղթի հարց չեն կարողանում լուծել, դե արի ու մնա»,- ասում է բազմազավակ մայրը, որ Հայաստանում սոցիալական նպաստ ստանալու հույս էլ արդեն չունի․ Արցախում 4 երեխայի համար ամսական 123 հազար դրամ գումար է ստացել։
Միասնական սոցիալական ծառայության Թումանյանի տարածքային կենտրոնի տնօրեն Տիգրան Մխիթարյանը «Ալիք Մեդիա»-ին հայտնեց, որ կենտրոնի կողմից արված գնահատման հիման վրա որեւէ ընտանիք աջակցություն չի ստացել․ տարածքային կենտրոնը նյութական աջակցություն տրամադրելու գործառույթ չունի։ Իրենց գործառույթը հաշվառելն է, կարիքները գնահատելը, մարդկանց տարբեր հաստատություններ ուղղորդելը, աշխատանք փնտրողների տվյալները գործատուներին փոխանցելը։
Տոնյանների՝ Լոռու մարզում մնալու որոշումն օրեցօր աղոտ է դառնում, մինչդեռ Ալավերդիում գտնվելու առաջին իսկ օրերից վարձով տուն էին փնտրում։ Բնությունը, կլիման, մարդիկ եւ էլի շատ բաներ այստեղ նրանց կորցրած հայրենիքն ու տունն են հիշեցնում։
Իսկ կորցրածը Արցախի Մարտունին է, որտեղ հողագործությամբ էին զբաղվում, ունեին ջերմոցներ, սմբուկի ու ձմերուկի հեկտարներով դաշտեր, պատերազմից հետո վերակառուցված տուն ու երջանիկ կյանք՝ չնայած շրջափակման մեջ չորս երեխա պահելու դժվարություններին։
Անին տխուր է․ այստեղ շատերը չեն պատկերացնում, թե իրենք Արցախում ինչեր են թողել։ Ինչպե՞ս պատկերացնեն, երբ այնտեղից իրենց հետ բերածը խուճապի պահին պայուսակում հազիվ տեղավորած մի քանի հագուստն է եւ փաստաթղթերը, առանց որոնց, ով գիտի, թե ինչերի միջով ստիպված կլինեին անցնել։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։