Երեւանում Արցախի մշտական ներկայացուցչության մոտ երեկվա տեսարանը տգեղ էր, իրավիճակին չէր պատշաճում: Բայց դա հետեւանք է:
Պետական, քաղաքական եւ հանրային դեգրադացիան, որ տարիների պատմություն ունի, չէր կարող մինչեւ հատակ չիջեցնել բոլորիս եւ ամեն ինչ: Այնքան, որ դեռեւս նախագահի պաշտոնը պահպանող Սամվել Շահրամանյանը հավաքվածներից մեկին սպառնաց. «Կգամ, գլուխդ կջարդեմ»: Սա վերջն է:
Բայց ինչո՞ւ:
Որովհետեւ հոկտեմբերի 4-ից լինելով Երեւանում՝ Սամվել Շահրամանյանը որեւէ ուղերձ այդպես էլ չհնչեցրեց: Նույնիսկ ցավակցություն չհայտնեց ահաբեկչական պատերազմում եւ բենզալցակայանի առեղծվածային պայթյունի հետեւանքով զոհվածների հարազատներին, վիրավորներին շուտափույթ ապաքինում չմաղթեց:
Ինչո՞ւ սպասել այնքան, որ մարդիկ խռնվեն Արցախի մշտական ներկայացուցչության միջանցքներում, բակում, Նաիրի Զարյան փողոցի մայթերին։ Ի՞նչն է մտահոգել նրանց: Թվում է՝ այդ շենքում Սամվել Շահրամանյանի կազմակերպած «աշխատանքային խորհրդակցությունները» եւ քննարկումների շուրջ մամուլի միջոցով կազմակերպված արտահոսքերը:
Սամվել Շահրամանյանը երեկ հիմնական մասով հաստատեց դրանց հավաստիությունը, երբ հայտարարեց, որ ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր ստորագրել է, որպեսզի «թուրքերը չմտնեն Ստեփանակերտ եւ կոտորած չանեն»: Այս թեզը մի քանի օր շարունակ տարածում էին միաժամանակ մի քանի լրատվամիջոցներ:
Արցախի դեմ Ադրբեջանը ահաբեկչական պատերազմ սկսել է սեպտեմբերի 19-ի 13:00-ին: Ուղիղ քսանչորս ժամ անց մարտական գործողությունները դադարել են: Պաշտպանության բանակը, համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ ստորագրված փաստաթղթի, թողել է մարտական դիրքերը, սկսվել են նրա զինաթափումն ու կազմալուծումը:
ԼՂՀ լուծարման մասին հրամանագիր Սամվել Շահրամանյանը ստորագրել է սեպտեմբերի 28-ին՝ պատերազմը դադարելուց ութ օր հետո, երբ հատկապես Ստեփանակերտում խաղաղ բնակչություն գրեթե չէր մնացել:
Բայց եթե նույնիսկ այդպես չէր, վայրագություններ չգործելու ադրբեջանական նախապայմանը ԼՂՀ-ն լուծարելու մասին հրամանագրի ստորագրումն էր, ապա, տրամաբանորեն, Բաքուն դա պետք է պահանջեր պատերազմը կանգնեցնելու համաձայնագիր կնքելուց առաջ, ոչ թե հետո:
Այլ բան է մարտական գործողությունների ժամանակ քաղաքացիական անձանց «պատահական կամ սխալմամբ» թիրախավորելը, բոլորովին այլ, եթե դա տեղի է ունենում հրադադարի հաստատումից հետո:
Ասվածից, իհարկե, չի հետեւում, թե Սամվել Շահրամանյանը ԼՂՀ-ն լուծարել է «իր կամքով կամ նախաձեռնությամբ»: Բայց «կոտորածը կանխելու հիմնավորումը» ոչ մի առումով հավաստիություն չի ներշնչում։ Մանավանդ որ Երեւանում գտնվելու գրեթե կեսամսյա լռությունից հետո նա երեկ ասաց, որ իր հրամանագիրն ուժ չունի, Արցախի Հանրապետությունը լուծարված չէ:
Մի կողմ թողնենք այս խոսքի հանդեպ միջազգային, ներհայաստանյան կամ Բաքվի արձագանքները: (Դա քաղաքական լուրջ վերլուծության եւ քաղաքագիտական ու իրավական գնահատականի կարիք ունեցող թեմա է:)
Ի՞նչ վերաբերմունք կունենա բռնատեղահանված շարքային արցախցին՝ լսելով Սամվել Շահրամանյանի այդ հայտարարությունը: Արցախցին նման դեպքի համար մի խոսք ունի. «Շուլուխդ քեզ պահիր»: Որ ենթատեքստով նշանակում է. «Ինքդ ես ծաղրի արժանի, ի՞նձ ես ուզում ծաղրել»: Նույնը շատ կոպիտ տարբերակ էլ ունի, չեմ ուզում հիշեցնել, բայց չի կարելի մարդկանց հայտնի կենդանու տեղ դնել:
— Մի՛ ծաղրիր, որ չծաղրվես,- առայժմ այսպես ասեմ: Մնացածը՝ հետո:
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։