Արցախից դուրս գալիս Սամվելը միայն ինքնաեռը հասցրեց վերցնել: Տեղահանումը Սարգսյանների ընտանիքին բերեց Մասիս։ Այժմ քաղաքապետարանի առջեւ հավաքված աջակցություն փնտրող արցախցիներին անվճար թեյ է բաժանում: Պատմում է, որ այնտեղ էլ թեյի փոքրիկ կրպակ ուներ։
Ինքնաեռը հին ու փոքր սեղանի կենտրոնում է․ մի կողմում շաքարավազն է, մյուսում՝ բաժակները։ Թանձր ծուխը բարձրանում է, լսվում է փայտի ճտճտոցը։ Սամվելը հմտորեն բռնում է ինքնաեռի տաք երկաթից ու փայտ ավելացնում։ Բոլորին կանչում է թեյ խմելու, կատակելով պատմում, որ Երեւանից էլ են հասնում Մասիս, որ իր թեյի համը տեսնեն։
Սեղանի կողքին վրան կա, արդեն 14 օրից ավելի Սամվել Սարգսյանն այդտեղ է քնում, իսկ ընտանիքն ապրում է հյուրանոցում։
«Մեր ընտանիքը 22 հոգի ենք, բայց հեն ենք կես տառած, կեսը ստեղ ա, կեսը՝ Երեւան, կեսը՝ Լեննական (Գյումրի)։ Տների գներն էլ պեցուր (բարձր) ա, մերոնք գոստինիցան (հյուրանոց) են մնում, ես էլ 12 օրից ավել ա էս պալատկի (վրան) տակ եմ քնում։
Պետք ա ժողովրդին օգնենք, իրար օգնենք, փիս ժամանակներ ա։ Ղարաբաղի հարցը շատ տիժար (դժվար) ա, որ Ղարաբաղի դուռը փակվալ ա, հաջորդը Երեւանն ա, պետք ա համախմբվենք, թույլ չտանք Երեւանի դուռն էլ փակվի։
Ամսի 19-ին ես պոստերն եմ եղել, պատերազմը սկսավ, մերոնք հանձնվալ են։ Չեմ հուսահատվում, մունք ամեն ինչը նորից կվերադարձնենք, բայց մեր խոխոցը արյունը ընդեղ ա թափվալ, մեր արյունն ընդեղ ա, սաղ կըղող (վերադարձվող) ա, բայց էդ խոխոցը արյունը կըղող չի։
Է՜հ, ինչ պապական հողեր եմ թողել դուս եկալ»,- պատմում է Սամվել Սարգսյանը։
Սամվելի երեխաները՝ Նարեկն ու Էլենը, վազվզում են ինքնաեռի շուրջը, ամեն օր գալիս են հայրիկին տեսնելու։ Երեխաներն արդեն դպրոց են գնում, փորձում են հարմարվել եւ վերադառնալ բնականոն կյանքին։
Այստեղ բարեկամներ չունեն, բայց ուրիշ տեղ էլ գնալ չեն ուզում։ Սամվելն ասում է, որ սա է իր Հայրենիքը, տարբեր երկրներից ծանոթ-բարեկամ կանչել են, բայց չի ուզում գնալ, այստեղ պետք է աշխատի եւ նոր կյանք ստեղծի եւ պարբերաբար կրկնում է. «Իրար պիտի օգնինք, հայը հային պիտի քյոմագ անի, պիտի պայքարենք, որ լավ լինի»։
Մոտենում ենք վրանին, ներսն ամբողջությամբ դատարկ է, գետնին մի ներքնակ։ Ամեն օր նույն տեղում է․ վրանի դիմաց՝ սեղանի կողքին, խնամքով օգտագործում է ինքնաեռը, ավելացնում շաքարավազն ու բաժակները։
Արցախից հույսը կտրել է, ասում է՝ չի կարող թուրքի հետ ապրել, բայց մինչեւ այսօր դեռ չի ընկալում, որ վերջ, լքել է Արցախը, մտածում է, թե դեռ այնտեղ է։
Արցախի մասին մտածելով՝ շարունակում է աշխատել, նորից առանց ձեռնոցի բռնում է ինքնաեռի տաք մետաղն ու շարունակում է փայտ ավելացնել, որ թեյը չսառչի, եւ մի բաժակ տաք թեյի միջոցով փոխանցվող ջերմությունը հասնի բոլոր տեղահանվածներին։
Աստղիկ Հովհաննեսով, Ֆրունզ Ավետիսյան