ՀԱՄԱՍ-ի ֆինանսավորումը ներկայում հետախուզական ծառայություններին մտահոգող հիմնական խնդիրներից է։ ԱՄՆ-ը հայտարարում է, որ Իրանը տարեկան 100 միլիոն դոլար է փոխանցում ՀԱՄԱՍ-ին, բայց պարզվում է՝ ոչ միայն Իրանը։ The Wall Street Journal-ը գրել, որ ՀԱՄԱՍ-ը տարիներ շարունակ զբաղված է Գազա բերված մարդասիրական օգնությունից շորթումներ անելով:
Հարկային հաշվետվությունից տեղյակ էր միայն ՀԱՄԱՍ-ը
Գազայում ՀԱՄԱՍ-ի իշխանության գալու տարվանից՝ չարաբաստիկ 2007-ից ի վեր քաղաքակիրթ համայնքի մարտահրավերն է Գազայի ժողովրդին աջակցելը, որպեսզի ահաբեկիչներն այդ օգնությունից չօգտվեն:
Սկզբում, երբ քաղաքացիական սեկտորի աշխատակիցները ենթարկվում էին Պաղեստինի Ինքնավարության ղեկավարությանը, աշխատանքները լավից-վատից առաջ էին ընթանում։ Բայց հետո ՀԱՄԱՍ-ը նշանակեց իր պաշտոնյաներին եւ ստեղծեց սեփական հարկային համակարգը։ Հասկանալի է, որ հարկային հաշվետվությունից տեղյակ է միայն ինքը՝ ՀԱՄԱՍ-ը։
2014-ին՝ Իսրայելի «Անառիկ ժայռ» գործողությունից հետո, ՄԱԿ-ը սկսեց տարածաշրջանի վերականգնմանն ուղղված ջանքերը: Շինանյութերը սկսեցին հասցնել Գազա։ ՄԱԿ-ը, Իսրայելը եւ Պաղեստինի Ինքնավարությունը ստեղծեցին երկակի նշանակության շինանյութերի՝ ցեմենտի, պողպատի եւ քիմիական ռեակտիվ նյութերի մշտադիտարկման համակարգ: Գազայում, այդուամենայնիվ, ի հայտ եկավ սեւ շուկան, եւ ահաբեկիչները դրանք սկսեցին օգտագործել թունելներ կառուցելու կամ ռումբեր պատրաստելու համար։
Միայն հարկերը ՀԱՄԱՍ-ին ամսական մոտ 40 միլիոն դոլար էին ապահովում
Միաժամանակ մտահոգություն կար, որ Գազայում չքավորությունն ու սոցիալական վատ պայմանները նոր հակամարտություն առաջ կբերեն։ Եվ այդ ժամանակ սկսվեց Գազայի ֆինանսավորումը Կատարի միջոցով (այստեղ է ՀԱՄԱՍ-ի քաղաքական թեւի գրասենյակը)։ Գումարը պետք է ծառայեր էլեկտրակայանի համար վառելիք գնելուն: Չքավոր ընտանիքները եւս կարող էին հույս դնել ֆինանսական սուբսիդիաների վրա: Եվ ֆինանսները հասան վերջնական նպատակակետին։ Բայց որքան բարձրանում էր Գազայի բնակիչների բարեկեցության մակարդակը, այնքան ՀԱՄԱՍ-ն ավելի ճարպկորեն էր կիրառում ծխախոտի եւ այլ ապրանքների հարկային քաղաքականությունը: Միայն հարկերը ՀԱՄԱՍ-ին ամսական մոտ 40 միլիոն դոլար էին ապահովում: Ընդսմին միջազգային կառույցների հետաքննության պնդմամբ՝ այդ գումարներն ուղղվել են տարածաշրջանի զարգացմանը, այլ ոչ թե ՀԱՄԱՍ-ի զինյալների ֆինանսավորմանը։
Երբ 2018-ին անկլավի եւ Սինայի թերակղզու միջեւ առեւտուրը խթանելու համար Եգիպտոսը բացեց իր սահմանը, Եգիպտոսը եւս ենթարկվեց ՀԱՄԱՍ-ի լրացուցիչ շորթումներին:
2021-ի հակամարտությունը կրկին անօթեւան թողեց Գազայի հարյուրավոր բնակիչների՝ Իսրայելի պաշտպանության բանակի ռազմական պատասխանի արդյունքում։ Զինադադարից հետո, ՀԱՄԱՍ-ի ի հայտ գալուց հետո առաջին անգամ, պաղեստինցիներին թույլատրվել էր աշխատել Իսրայելում: Եվ մի քանի ամսվա ընթացքում ՀԱՄԱՍ-ը հարկեր սահմանեց մեքենաների եւ հագուստի վրա: The Wall Street Journal-ի հետաքննության համաձայն՝ Վաշինգտոնում գործող Levitt ինստիտուտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ՀԱՄԱՍ-ի ընդհանուր եկամուտները կարող են կազմել տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլար: Այդ գումարի մեծ մասը հոսում է Իրանից։ Իսկ հետո, ինչպես համոզվում են միջազգային դիտորդները, ՀԱՄԱՍ-ին հաջողվել է հարկերի հաշվին ֆինանսներ «հետ գցել» իր ռազմական կարիքների համար։