Գյումրու Մարիամ եւ Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում «Գալիք» արվեստի կենտրոնը ցուցադրություն էր կազմակերպել:
Ցուցասրահում «Գալիք»-ի տասը հեղինակների գործերն էին «խոսում»՝ վերհանում անցյալի, ներկայի ու ապագայի խնդիրներն ու իրողությունները:
«Գալիք»-ի հիմնադիր, արվեստագետ Հրաչյա Վարդանյանը ցուցադրությունը գաղափարական նախագիծ է համարում, նպատակը՝ ժամանակի հետ արվեստագետի աշխատանքը: «Ժամանակ ասվածն անցյալը, ներկան ու ապագան են, բայց բանտվել պետք չէ դրա մեջ: Ցուցադրության միջոցով բարձրաձայնում ենք, որ արվեստի մարդը պետք է ապագայի արժեքներ ստեղծի. արվեստագետը չպետք է պասիվ լինի՝ խուսափելով օրվա իրողություններին համարժեք գնահատականներ տալուց»:
Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ նոյեմբերի 30-ը: Կազմակերպիչները համոզված են՝ «Գալիք»-ի ասելիքը լսելի կլինի բոլոր խավերի համար: