Այսօր հասարակական, քաղաքական, ռազմական եւ պետական գործիչ Դավիթ Մաթեւոսյանի հիշատակի օրն է։ Երեք տարի առաջ նա զոհվեց Մեղրիի սահմաններն ադրբեջանցիների հարձակումներից պաշտպանելիս։ Մաթեւոսյանի կյանքն էլ, մահն էլ համակ նվիրում էր Հայաստանի հարավային դարպաս Մեղրիին։
Սահմանների ամրապնդում
Դեռ 1991-ի նոյեմբերի 6-ին Իրանի սահմանը հսկող ռուս սահմանապահները դուրս էին քշվել Ադրբեջանից։ Մեղրիի սահմանապահ զորամասի նախկին Վեժնավիրի ուղեկալը, որը Մեղրիի կողմից հաշված՝ առաջինն էր Զանգելանում, դարձել էր Մեղրիի հետ սահմանը հսկող ադրբեջանական զորամաս։
Որպես սրա հակակշիռ, մենք անհապաղ հենակետ դրեցինք Մեղրի–Զանգելան սահմանագիծ լեռնազանգվածի գագաթին, որը գտնվում էր երկաթուղու ու ավտոմոբիլային ճանապարհի միջակայքում եւ պայմանականորեն անվանեցինք 44։ Հենակետ 44-ից շատ լավ երեւում էր Վեժնավիրի ուղեկալը։
Ի պատասխան՝ ադրբեջանական կողմը, օգտվելով իր կողմից համեմատաբար մեղմ ռելիեֆի ընձեռած հնարավորությունից ու ճանապարհի առկայությունից, մինչեւ ամառ աստիճանաբար դիրքավորվեց Մեղրի–Զանգելան սահմանագծի գրեթե ողջ երկայնքով։
Հենակետ 44-ը հաճախ էր ենթարկվում գնդակոծության։ Հրաձգային զինատեսակներով կրակում էին դիրքերից ու Վեժնավիրի ուղեկալից, իսկ խորքից՝ մեզ անհայտ կետից երբեմն արկակոծում էին։
Կապանի Եղվարդ գյուղի մոտ՝ 1992 թվականի հունվարին հայ-ադրբեջանական հանդիպում էր կազմակերպվել, որին մասնակցում էինք նաեւ Ենոքը, Ղեւոնդն ու ես։ Իմանալով, որ հանդիպմանը մասնակցում է նաեւ Զանգելանի ոստիկանապետը, մոտեցա, ծանոթացա ու արտահայտեցի վիրավորվածությունս առ այն, որ մենք միմյանց հետ շփվում ենք հարեւան շրջանի սահմանագծում՝ այն դեպքում, երբ մյուս հարեւանի՝ Օրդուբադի հետ հանդիպում ենք մշտապես, ըստ անհրաժեշտության։ Առաջարկեցի՝ որպես առաջին քայլ, պայմանավորվել առաջին հանդիպման օրն ու ժամը։ Պայմանավորվեցինք։
Միակ հանդիպումը կայացավ 1992 թվականի փետրվարի 2-ին։ Միանգամից առաջարկեցի անցնել մեր տարածք՝ Նյուվադիի քյարիզի մոտ, ուր խորովածի կրակն արդեն վառվում էր, եւ զրուցել ճաշի սեղանի շուրջ։ Ամոթխած Ջաֆարովն առարկեց՝ պատճառաբանելով ժամանակի սղությունը։ Միանգամից ի շահ հարեւանության՝ առաջարկեցի միասին գնալ մինչեւ Վեժնավիր գյուղ, զրուցել թեյի շուրջ, ինքն էլ ժամանակ կշահի։ Ամոթից համաձայնեց։
Մեզ ու Ջաֆարովին ուղեկցողներին, որոնք միմյանց հետ հասցրել էին ծանոթանալ ու զրուցում էին, թողեցինք սահմանագծին ու մեր մեքենայով՝ Ղեւոնդի հետ հետեւեցինք Ջաֆարովին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մարդու պատերազմ կամ ինչու հուշագրողը չվստահեց գրողին |
Վեժնավիր չհասած, բայց շատ մոտ, վերջին ջրբաժան գծի վրա, ճանապարհի աջ կողմի փոքրիկ հարթանման տարածքում Մեղրիի սահմանագծի ռազմական միավորները համակարգող ադրբեջանական շտաբն էր։ Ժամանակի համեմատ բավական կապիտալ կառույցներով ու կահավորված։ Իսկույն հասկացանք, որ նախորդ նոյեմբերի գիշերային փոխհրաձգությունն այստեղ էր եղել։ Հրանոթն անմիջապես նկատեցինք։
Այստեղից դեպի մեր կողմը նայելիս տեսանելի էր հենակետ 44-ի լեռնազանգվածի որոշակի հատված։ Թեյի սեղանը պատրաստ էր։ Աչք ծակեց շաքարի առատությունը, որը մեզ մոտ դեֆիցիտ էր։ Թեյ խմեցինք, շտապող Ջաֆարովին հրաժեշտ տվեցինք ու վերադարձանք սահմանագիծ։ Այնտեղ մնացած հայ ու ադրբեջանցի զինվորականները թղթախաղով էին տարված։ Մերոնք հարստացել էին։
Նախիջեւանի թեւում՝ դեռ 1991 թվականի դեկտեմբերի 26-ին, Գողթանասարի հակաօդային պաշտպանության հենակետն անցավ ադրբեջանցիներին։ Մեր տեղեկություններով, այնտեղ մշտապես ծառայում էր 70 հոգի։ Այնտեղ էին տեղափոխել 2 ալազանային հրթիռային համակարգ, փորձել, սակայն բարդ ու սառած ճանապարհով չկարողանալով գագաթ բարձրացնել հակակարկտային հրանոթները, թողել էին Գանձակ գյուղի մոտ։
Կոմունիկացիաների բացակայության պատճառով, բացի ճանապարհից, ձմռանը շուրջ 3000 մետր բարձրության վրա դժվար էր հակակշիռ հենակետ ստեղծելը։ Ուստի, այդ պահին հարկադրված էինք բավարարվել միայն ցածր գոտում՝ Արաքսի ափին, Ծիրանի ձորի մոտ ավտոճանապարհի ու երկաթուղու շրջակայքում հիմնել պաշտպանական հենակետ։
Վաղ գարնանը՝ արեւահայաց լանջով բարձրացող ճանապարհի բացվելուն պես, բուլդոզերով քաշելով՝ Խոշլի տեղափոխեցինք մի քանի անվավոր տնակ ու հիմնեցինք Խոշլիի հենակետը։ Անգամ այդ ժամանակ տնակների տեղափոխումը հագեցած էր բարդություններով։ Այնտեղ բարձրացվեց նաեւ միակ հակակարկտային 100 մմ-ոց հրանոթը, որը թեեւ նշանառության համակարգ չուներ, բայց տանկի 100 մմ-ոց արկերը նրանով գործածվում էին, հետեւաբար՝ մարտական հրանոթ էր։
Խոշլին հրաշալի հենակետ է, այստեղից՝ անզեն աչքով, ինչպես ափի մեջ, տեսանելի է Օրդուբադի շրջանի բնակավայրերի մեծ մասը, ներառյալ՝ շրջկենտրոն Օրդուբադը։
Վաղ գարնանը կենտրոնից հատկացրին երկուական հրանոթ՝ Д-30 եւ գրադ՝ БМ-21, առանց բուսոլի (հրետանավորի կողմնացույց) եւ աղյուսակների։ Հրետանավոր չունեինք։ Մտածում էինք օգտագործել հրացանի սկզբունքով՝ հանել սարերի գագաթները եւ ուղիղ նշանառությամբ կրակել երեւացող թիրախներին։
Ռազմական գիտելիքին ու փորձին փոխարինում էին հաղթելու վճռականությունն ու ոգին։
Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ ու հրավերով Ռուսաստանից Հայաստան էր եկել հայ սպայակազմը։ Մեկը մյուսի ետեւից եկան նրանցից մի քանիսը, խոսեցին առանց աղյուսակներ ու բուսոլ հրետանի գործածելու անհնարինության մասին, նույնիսկ գովեցին հրացանի սկզբունքով հրետանին գործածելու մեր ձգտումն ու գնացին։
Հերթականը Յուրի Խաչատուրովն էր, եկավ աղյուսակներով ու բուսոլներով։ Կոնկրետ խնդիր կար լուծելու. Կապան քաղաքն ինտենսիվ հրետակոծվում էր, առաջարկում էին, որ Մեղրիից խփենք Մինջեւանին, որ ցավ զգան ու դադարեցնեն Կապանի հրետակոծումը։
Լեռնային դժվարանցանելի ճանապարհը բուլդոզերով ձյունից մաքրելով՝ գրադը Նյուվադիով հանեցինք Կապանի սահմանագիծ, որ բարձրությունների տարբերության հաշվին Մինջեւանը հասանելի դառնա գրադի համար։ Խաչատուրովն սկսեց հրետանավորի հաշվարկներով նախապատրաստել Մինջեւանի հրետակոծությունը, իսկ ես ուշադիր հետեւում էի։
Ռազմական ամբիոնում սովորած որոշ գիտելիքներ եւ գեոդեզիայի փայլուն իմացությունն ինձ օգնեցին հիմնավոր ընկալել Խաչատուրովի կատարած հաշվարկների իմաստը։
Նա հաջորդ օրն ինձ ու Ղեւոնդին հրավիրեց Լիճք գյուղ՝ զորամասի փոխակերպվող նախկին մանկատուն, ցույց տալու անկախ Հայաստանի առաջին զորակոչիկներին ընդունելու նախապատրաստությունը։
Մի հարմար պահի խնդրեցի Խաչատուրովին՝ լսել ու գնահատել, թե արդյոք ճի՞շտ եմ ընկալել հրետանու գործածության տրամաբանությունը։ Պատասխանեց, որ չունենալով ռազմական մասնագիտական ակադեմիական կրթություն՝ բացառվում է, որ հասկացած լինեմ։ Համառեցի ու, հիմնավորելով՝ հերթականությամբ թվարկեցի կոորդինատներով հրետանին գործածելու տրամաբանությունը։ Խաչատուրովը զարմացած պնդում էր, որ ես հաստատ ռազմական մասնագիտական կրթություն ունեմ։
Այդ շրջանում Մեղրի եկան գեներալներ Նորատ Տեր-Գրիգորյանցն ու Դալիբալթայանը՝ մի խումբ գնդապետերի ու փոխգնդապետերի ուղեկցությամբ։ Ուսումնասիրեցին արեւելյան ու արեւմտյան պաշտպանական գծերը եւ իրենց հիացմունքն արտահայտեցին հենակետերի ճշգրիտ տեղակայման համար։ Նրանց միակ անհանգստությունը Զանգելանի կողմից այլեւս չգործող երկաթուղու բաց լինելու իրողությունն էր։ Մտածում էին, որ Բաքվի կողմից մտնող զրահագնացքը կարող է վտանգավոր լինել Մեղրիի համար։
Նրանց անհանգստությունն անձամբ փարատեցի՝ հենց իրենց ներկայությամբ վերջին սահմանապահ ուղեկալից հետո պայթեցնելով երկաթուղու մի հատված, նրա տակով անցնող ջրթող կառույցի հեծանների միջակայքում տեղավորելով մեկ պարկ ամոնիտ։ Զանգելանի ուղղությամբ եւս մի հիմնական հենակետ դրվեց հուլիսի երկրորդ կեսին՝ Խոշլին կորցնելուց ու ետ վերցնելուց հետո։
Հատված Դավիթ Մաթեւոսյանի «Խաղաղության հավատամքով» գրքում զետեղված «Սկիզբ (ինչպես որ եղել է)» հուշագրությունից։