ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ղազի Համադը լիբանանյան LBCI հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Գազայում սպասվելիք ցամաքային գործողությանը։
«Մենք ունենք 35 հազար մարտիկ Գազայի հատվածում եւ Հորդանան գետի արեւմտյան ափին: Եթե ուզում ենք կռվել Ամերիկայի եւ Եվրոպայի աջակցությունը վայելող իսրայելական բանակի դեմ, պետք է բարձր պատրաստվածություն ունենանք։ Մեզ հաջողվել է գրեթե անհնարին պայմաններում առաջխաղացում ունենալ»,- ասել է նա։
Ավելի վաղ Իսրայելի Զինվորների հարցերով նախկին հանձնակատար, գեներալ-մայոր Իցհակ Բրիկը վարչապետ Բենիամին Նեթանյահուին խորհուրդ է տվել հետաձգել զորքերի ցամաքային մուտքը Գազայի հատված, քանի որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ չէ լայնածավալ մարտական գործողություններին:
«Ելքը պետք է լինի օդից հարձակվելը, այլ ոչ թե թշնամու որջ մտնելը: ՀԱՄԱՍ-ի զինյալները պետք է ամիսներով շրջափակման մեջ լինեն»,- նշել է իսրայելցի գեներալը: Նա զգուշացրել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերի մուտքը կարող է վերածվել տարածաշրջանային պատերազմի: