Շիրակի մարզում այս տարի՝ բերքահավաքին ընդառաջ, մկները տհաճ անակնկալ արեցին. ոչնչացրին հացահատիկի հասուն արտերը բերքահավաքի նախընթաց օրերին, որոշ տեղերում՝ 100 տոկոսով:
Մարզում «գլուխ են կոտրում», փորձում կրծողների այս աստիճան առատության դեպքեր մտաբերել: Մկներն աննախադեպ շատ են այս տարի:
Պատճառների մասին խոսում են, վերլուծում, բայց վերջնական եզրահանգում չկա: Բնապահպաններն ասում են՝ բնության ինքնակարգավորման շղթան է խաթարվել գլոբալ տաքացման հետեւանքով, աղվեսներն ու ոզնիներն են պակասել: Ոլորտի մասնագետներից ոմանք էլ կարծում են՝ թունաքիմիկատներն են գյուղատնտեսության մեջ չարաշահվում, ինչի հետեւանքով գիշատիչ թռչուններն են վերանում՝ նպաստավոր պայմաններ ապահովելով կրծողների բազմացման համար:
Խնդրին լուծում տալու նպատակով Կառավարությունը գյուղացիական տնտեսություններին յուրաքանչյուր հեկտար հողատարածքի համար հատկացնում է 80 գրամ մկնդեղ: Գործընթացը լիարժեք վերահսկել, սակայն, գրեթե անհնար է: Գյուղացին կարող է ստանալ հասանելիք թույնը, բայց ճիշտ չիրացնել կամ ընդհանրապես չօգտագործել:
Արթիկ համայնքի Մեղրաշեն բնակավայրում նույնպես մկներից տուժել են. շուրջ 80 հեկտար հասած արտ ընդհանրապես չեն հնձել, հնձածներն էլ որոշակիորեն վնասված են եղել՝ մինչեւ 40 տոկոսով: Բնակիչները կրծողների դեմ պայքարելու համար ընդհանուր հայտարարի են եկել, արդյունավետ եղանակ են գտել:
Մեղրաշենի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանն ասում է՝ ճիշտ կազմակերպման դեպքում նույն միջոցն օգտագործելով կարելի է տարբեր արդյունքների հասնել:
Պետության տրամադրած թունանյութը համակարգված օգտագործելու նպատակով գյուղի բնակիչներով մեկ հեկտարի հաշվով 2500 դրամի ներդրում են կատարել, 7 տոննա գարի, 210-ական կգ բուսայուղ եւ շաքարավազ են գնել, դրա վրա էլ ավելացրել են պետության տված 175 կգ մկնդեղն ու ստացված խառնուրդով մեկ օրվա ընթացքում մշակել գյուղի բոլոր հողատարածքները:
Փորձառու գյուղատնտեսն ու վարչական ղեկավարն ասում է՝ մասնավորը միայնակ չի կարող կազմակերպվել, մեկը մի օր կդներ մկնդեղը, մյուսը՝ հաջորդ օրը, երրորդն էլ գուցե ընդհանրապես չդներ. անարդյունավետ պայքար ու միջոցների անտեղի վատնում կլիներ: Կողմնակի վնասներից խուսափելու համար էլ գյուղում հայտարարել են, որ մի քանի օր կենդանիներին արոտ չտանեն: Թռչուններն էլ շատ չեն վնասվի, քանի որ այս եղանակին քիչ են ու պասիվ:
Մեղրաշենի տրակտորիստ Ալբերտ Մինասյանը մասնակցում է մկների ոչնչացման աշխատանքներին: Այս տարի 13 հեկտար հացահատիկի ուղիղ կեսը մուկն է տարել: Վստահ է, եթե պայքարը նման կերպ շարունակեն նաեւ այլ բնակավայրերում, հաջորդ տարի ստիպված չեն լինի բերքը մկների հետ կիսել:
Գարուշ Մարզեցյանը եւս բողոքում է կրծողների առատությունից, ասում է՝ տներն են լցվել, հարկերն են բարձրանում: Գյուղացին միայնակ չի կարող պայքարել սրա դեմ:
«Գյուղով համակարգված աշխատելու օրինակ ենք ծառայում այլ բնակավայրերի համար, հուսանք՝ բոլոր տեղերում այսպես կպայքարեն, թե չէ պատկերը կկրկնվի»:
70-ամյա Աշոտ Բարսեղյանը գյուղատնտեսության գծով առաջին կարգի մասնագետ է: Չի հիշում տարի, երբ կրծողներն այսքան շատ լինեին, բայց իրենց գյուղում միշտ էլ համակարգված են պայքարել դրանց դեմ:
Աշոտ Հունանյանն էլ է վստահ, որ նման պայքարի դեպքում միայն հարցը կլուծվի, այլապես ստիպված կլինեն այս տարվա պես վարուցանք անել մկների համար:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎԳյուղացին ցանի, մուկը՝ հնձի |
Մեղրաշենի օրինակը կվերցնե՞ն այլ բնակավայրերում, թե՞ բերքը կորցնելուց հետո միայն կսկսեն ուշացած պայքարը՝ պարզ կլինի հաջորդ բերքահավաքին:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։