ԱԺ-ն հոկտեմբերի 25-ին ընդունեց «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը։ Ըստ օրինագծի հեղինակ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ Հայաստանի ազգային փոքրամասություններն ավելի հեշտ ՀՀ քաղաքացիություն կստանան։
Մասնավորապես՝ օրինագծի հեղինակն առաջարկել էր լրացում անել, ըստ որի` «զավակ» բառից հետո անհրաժեշտ էր ավելացնել «կամ ծնող» արտահայտությունը։ Նա նշել է, որ նման դեպքում ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ քաղաքացիություն չունեցող այն անձը, որն ունի քաղաքացի զավակ կամ ծնող։
«Նախագծով առաջարկել ենք նաեւ, որ ՀՀ քաղաքացիություն կարող է ստանալ այն անձը, որի ծնողը կամ ծնողները նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն եւ օրենքով սահմանված կարգով վերջին 1 տարում բնակվել է ՀՀ-ում»,– նախագիծը ներկայացնելիս ասել է Բաքոյանը։