Կանադան լիարժեք աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Դրա մասին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է հոկտեմբերի 25-ին պաշտոնական այցով Երեւան ժամանած Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին։
Նախարարը շեշտել է, որ Կանադան կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին՝ աջակցելով նրանց ինքնիշխանությանն ու անկախությանը։ Նա ընդգծել է, որ Օտտավան երկարաժամկետ լուծումներ է մշակում, որոնք կհանգեցնեն Կովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության։
Ըստ Կանադայի արտգործնախարարի՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունները որեւէ կերպ արդարացված չեն։ Մելանի Ժոլին Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի իրավունքը։
Կանադայի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին:
«Կանադան բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ ուղղված խաղաղության եւ կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Բոլորս համակարծիք ենք, որ դեռ պետք է ավելին անել։ Կանադան կոչ է անում Ադրբեջանին լիարժեքորեն հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ վերահաստատում է ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքին հետեւելու կարեւորությունը»,-նշել է Մելանի Ժոլին։