Ամերիկյան National Endowment for Democracy (NED) հիմնադրամն Արցախյան վերջին իրադարձություններից հետո ցավակցության եւ քաջալերանքի նամակ է ուղարկել Հայաստանի մեդիային եւ քաղաքացիական հասարակության կառույցներին։ Նամակը ստորագրել է հիմնադրամի նախագահ Դեյմոն Վիլսոնը։
Մինչ NED-ի նախագահի պաշտոնը ստանձնելը Դեյմոն Վիլսոնը եղել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշի օգնական, ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերի բաժնի ղեկավար։
Հարգելի գործընկերներ,
Այս նամակով ցանկանում եմ համերաշխությունս հայտնել ձեզ եւ ձեր գործընկերներին Հայաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում: Լեռնային Ղարաբաղի շրջափակումը եւ դրան հաջորդած էթնիկ զտումներն իրականացնողների նպատակն էր ապակայունացնել Հայաստանը եւ նրա ժողովրդավարությունը:
Ցավակցում ենք բոլոր զոհվածների ընրանիքներին, կարեկցում վիրավորներին եւ գերեվարվածներին: Մեր աջակցությունն ենք հայտնում իրենց տները կորցրած, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին:
Հայաստանը կանգնած է լրջագույն մարտահրավերների առջեւ: Բռնի տեղահանվածների հրատապ հումանիտար խնդիրներից զատ, Հայաստանն այժմ ունի նաեւ փախստականների ինտեգրացիայի, աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում ներքին եւ արտաքին անվտանգային մարտահրավերների խնդիր:
Այսուհանդերձ, մենք լավատես ենք Հայաստանի ապագայի, ինչպես նաեւ ձեզ նման գործընկերների հարցում, որոնց առաջնային խնդիրն այս պահին երկրին օգտակար լինելն է: Հիացմունքով հետեւում ենք բազմաթիվ հայերի` փախստականներին տեղավորելուն, ինտեգրելուն եւ առաջնային կարիքները հոգալուն ուղղված ակտիվ գործունեությանը:
Ինչպես գիտեք, աշխարհի շատ ճգնաժամեր կոռումպացված, ամբողջատիրական վարչակարգերի հետեւանքով են առաջանում, որոնք իրենց իսկ քաղաքացիներին շարունակաբար զրկում են մարդու հիմնարար ազատություններից, ինչպես նաեւ սպառնալիք դառնում հարեւան պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ժողովրդավարության համար:
Վերջին շաբաթների ձեր գործունեությունը հաստատում է Հայաստանի ինքնիշխան, անվտանգ ու ժողովրդավար պետություն կառուցելու հավաքական հանձնառությունը:
Այս դժվարին ժամանակաշրջանում Ժողովրդավարության ազգային հիմնադրամը ամուր կանգնած է ձեր եւ հայ ժողովրդի կողքին: Մենք շարունակելու ենք աջակցել ազատ աշխարհում ավելի լավ Հայաստան կառուցելու ձեր հանձնառությանը:
Դեյմոն Վիլսոն