Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները, ըստ Politico-ի, հերքում են Հայաստանի հետ նոր հակամարտության անխուսափելիության մասին պնդումները:
Politico պարբերականին հոկտեմբերի 25-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքականության գլխավոր օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր չէ գրավել Զանգեզուրը: Ըստ նրա՝ միջանցքի նախագիծը «կորցրել է իր գրավչությունը Բաքվի համար»:
Հաջիեւը նշել է, որ հոկտեմբերի սկզբին Թեհրանի հետ համաձայնագրի շրջանակում Ադրբեջանը փոխել է Նախիջեւանի հետ տրանսպորտային միջանցքին առնչվող իր ծրագիրը, բայց այնուամենայնիվ հույսեր կան, որ տրանսպորտային կապը խաղաղության պայմանագրի շրջանակում կարող է վերականգնվել:
Նա միաժամանակ հայտնել է, որ Հայաստանի հետ շուտով կարող է կնքվել կայուն խաղաղության պայմանագիր:
Ավելի վաղ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորությունների մասին հայտարարել է նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը: