Հայաստանի տնտեսության աճը 2023 թվականի սեպտեմբերին կրկնակի նվազել է։ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած ընթացիկ-օպերատիվ տվյալների համաձայն՝ 2022 թվականի նույն ամսվա համեմատ տնտեսության ակտիվությունն աճել է ընդամենը 5,6 տոկոսով, երբ ընդամենը մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը երկնիշ էր՝ 10,9 տոկոս։
Ինն ամսվա կտրվածքով, սակայն, բարձր աճի ցուցանիշը դեռ պահպանվում է՝ 9,7 տոկոս, քանի որ նախորդ ամիսներին երկնիշ աճ է եղել։
Անցած ամիս նվազել է տնտեսական աճ ապահովող գրեթե բոլոր ոլորտների ակտիվությունը։ Օրինակ, եթե օգոստոսին արտաքին առեւտուրն աճել էր 53 տոկոսով, սեպտեմբերին՝ ընդամենը 15,9 տոկոսով։ Ընդ որում՝ կտրուկ նվազել է ներմուծումը. աճել է ընդամենը 5,6 տոկոսով՝ օգոստոսի 53,8 տոկոսի փոխարեն։ Ի դեպ, սեպտեմբերին Ռուսաստան արտահանման խնդիրներ էին առաջացել։ Հիշեցնենք, ըստ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, Ռուսաստանին է բաժին հասնում մեր արտահանման 40 տոկոսը։
Մեր հիմնական արտահանման ուղղության այդ երկիրն անցած ամիս չէր ընդունում հատկապես կոնյակը։ Խմիչքով բեռնված 60-ից ավելի բեռնատարներ շաբաթներով կուտակվել էին Վերին Լարսի անցակետում եւ սպասում էին, թե մեր ռազմավարական գործընկերը երբ թույլ կտար հատել իր սահմանը։ Հրապարակվեցին նաեւ տեղեկություններ, որ եթե անգամ թույլ է տալիս՝ հայկական ապրանքները մտնեն իր տարածք, խոշոր սուպերմարկետների ցանցերին հրահանգում է դրանք չընդունել վաճառքի։ Եվ չի բացառվում, որ Ռուսաստանի հենց այդ քաղաքականությունն էլ եղել է մեր արտահանման աճի կտրուկ նվազման հիմնական պատճառը։
Ինչ վերաբերում է վիճակագրական նոր ցուցանիշներին, երկու տոկոսով նվազել է նաեւ շինարարության ոլորտի աճը՝ 15,7 տոկոս։ Բավականին կտրուկ է նաեւ ծառայությունների ոլորտի աճի անկումը. օգոստոսի 13,8 տոկոսի փոխարեն սեպտեմբերին արձանագրվել է ընդամենը 4,6 տոկոս աճ։ Մի փոքր աճել է առեւտուրը՝ 24,2 տոկոս։
Իսկ տնտեսության հիմնական շարժիչ ուժը դարձած արդյունաբերությունն անկում է գրանցել։ Ավելին՝ այդ անկումն ավելի է խորացել. եթե օգոստոսին անցած տարվա նույն ամսվա համեմատ ոլորտն ունեցել էր 3,7 տոկոս անկում, սեպտեմբերին այն արդեն 4,3 տոկոս է։
Ի դեպ, անցած ամիս գրանցվել է 0,1 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին՝ 2,8 տոկոս ընդհանուր գնաճ։