Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում Հայաստանի իրավապահ համակարգում, մասնավորապես պարեկային ոստիկանության հետ համատեղ, կստեղծվի հատուկ ստորաբաժանում, որը կապահովի Հայաստանով անցնող միջազգային տարանցիկ հաղորդակցության, բեռների, տրանսպորտային միջոցների եւ մարդկանց անվտանգությունը։
Փաշինյանը վերահաստատել է բոլոր հաղորդակցությունները բացելու Հայաստանի պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը, ինչը, ըստ նրա, կամրապնդի խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:
«Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ»,- ասել է նա:
Նա նշել է, որ մոտ ապագայում կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կներկայացվի տարածաշրջանի բոլոր երկրներին։ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է այդ սկզբունքների հիման վրա տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները բացելու, վերակառուցելու Հայաստանի պատրաստակամությունը։