Սեպտեմբերի 21-ին՝ մեր Անկախության օրը, «Ալիք Մեդիա»-ում «Լինելո՛ւ է Հայաստանի Հանրապետությունը» վերնագրով հոդված էի հրապարակել ։
Այսօր՝ Արցախի փաստացի տապալումից հետո (այն 2020-ի նոյեմբերին էր տապալվել, այժմ տապալումը վավերացվեց, առարկայացավ ու բոլորին տեսանելի դարձավ) գրված այս հոդվածը որոշեցի վերնագրել՝ «Կա՛ Հայաստանի Հանրապետությունը»։
Մարդիկ հուսահատ են։ Ողջը կորած են համարում։ Իրենց ապրած կյանքն են համարում անիմաստ։ Փողոցում, սոցիալական ցանցերում նման զրույցներ ու գրառումներ հանդիպում են անընդհատ։
Սա բնական է։ Մարդիկ 1988-ին մի գործ են սկսել, որն այսօր տապալվել է։ Իրենց կյանքի մի հսկայական հատված՝ 35 տարի, տվել են այդ գործին։ Շատերն այդ գործի շնորհիվ են կայացել ու հանրային դեմք դարձել։ Շատերն այդ գործով են պայմանավորել մեր ապագան ու մեր լինել-չլինելը, հետեւաբար այս տապալումը չէր կարող նրանց հուսահատության գիրկը չնետել։
Մենք շատ կորուստներ ենք ունեցել։ 20-րդ դարասկզբին կորցրել ենք Արեւմտյան Հայաստանն ամբողջությամբ, 1920-ին, գլխավորապես մեր մեղքով, մեր սխալների ու մեր չհաշվարկված քայլերի հետեւանքով՝ Արեւելյան Հայաստանի կեսը։ Իսկ այսօր նույնանման սխալների պատճառով Արցախի կորստին հանգեցինք։
Պատմությունը լավ ուսուցիչ է, եթե կա սովորելու ցանկություն։ Մենք պատմությունից սովորել չցանկացանք։
Մեր մեծ պարտությունները, որ արձանագրվել են 1920-ին եւ 100 տարի անց՝ 2020-ին, նույնական են, որովհետեւ նույնական են սխալները։ Ե՛վ այն ժամանակ, ե՛ւ մեր օրերում մեր հնարավորություններն ու մեր ցանկությունները համադրել չենք կարողացել։ Մեր իրական հնարավորությունները ճանաչելու, դրանցով առաջնորդվելու առաջարկները պարտվողականություն ու դավաճանություն ենք համարել ու մերժել ենք կտրուկ։ Սնել ենք մեզ սուտ պատկերացումներով ու հորինվածքներով, վազել ենք անիրականանալի ծրագրերի հետեւից ու, որպես հետեւանք, կորցրել եղածը։
Այս նոր կորուստը, բայց, որ տեղի ունեցավ վճիռներ կայացնելու իրավունք ունեցողների անհեռատեսության, ապաշնորհության ու, շատ դեպքերում, ընչաքաղցության հետեւանքով, որ թեւաթափ է արել մեզ ու վախճանաբանության գիրկն է մղել, բոլորովին էլ վերջնական կործանում չէ։
Կորուստը մեծ է, ցավոտ է, բայց ոչ երբեք ամեն ինչի ավարտ։ Զգացմունքային դաշտում ամեն ինչ գուցե ավարտված թվա, բայց զգացմունքային դաշտից դուրս կա իրականություն, իսկ այդ իրականությունում կա Հայաստանի Հանրապետությունը։
Այն թույլ է, խոցված է, բայց կա։ Այն մեր արժանապատիվ ապրելու, միջազգային հանրության լիիրավ անդամ լինելու, մեր խոսքն ասելու, մեր շահերը ներկայացնելու եւ պաշտպանելու հնարավորությունն է։ Այն մեզ գոյատեւող հանրությունից պետականություն եւ ապագա ունեցող ժողովրդի է վերածում, մեզ ոտքի կանգնելու, հաստատվելու, նոր հաշվարկ սկսելու իրական հնարավորություն է ընձեռում։
Նոր հաշվարկ, որտեղ տանող ուժը պետք է իրատեսությունը լինի, իսկ առաջնայինը՝ պետությունը, եւ ոչ մի արկածախնդիր այն վտանգելու ոչ միայն իրավունք, այլեւ հնարավորություն անգամ չպետք է ունենա։ Որտեղ պետության ամրապնդումն ու հարատեւությունը, քաղաքացու շահն ու բարեկեցությունը պետք է գլխավոր նպատակներ լինեն։ Որտեղ չեն լինելու հին սխալները։
Հին սխալներն ու հին պատկերացումները պետք է թողնենք պարտության գծած սահմանից այն կողմ։ Որովհետեւ նույն սխալները նույն հանգրվան են տանելու։ Այլ տարբերակ լինել չի կարող։ Հնարավոր չէ գնալ նույն ճանապարհով եւ այլ տեղում հայտնվել։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։