Հոկտեմբերի 26-ին Բրյուսելում մեկնարկող ԵՄ երկօրյա գագաթնաժողովի բանաձեւի նախագծում անդրադարձ կա նաեւ հայ-ադրբեջանական կարգավորմանը։
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ Եվրոպական խորհուրդն ընդգծել է իր շարունակական աջակցությունը՝ առաջ մղելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հաստատումը՝ հիմնված ինքնիշխանությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ տարածքային ամբողջականությունը ճանաչելու սկզբունքների վրա։
Եվրոպական խորհուրդն ընդգծում է Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարեւորությունը՝ ներառյալ նրանց, ովքեր ցանկանում են վերադառնալ իրենց տները։
Աջակցում է Բրյուսելի նորմալացման գործընթացին եւ կողմերին կոչ է անում բարեխղճորեն ներգրավվել եւ գործընթացն ավարտել այս տարվա վերջին»,- նշված է ԵՄ գագաթնաժողովում ընդունվելիք փաստաթղթի նախագծում։