Հնդկաստանը դիտարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հնարավորությունը։ «2022-ի ընթացքում սպառազինության առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո Հնդկաստանը քննարկում է Հայաստանին սպառազինության նոր խմբաքանակ մատակարարելու հարցը»,- գրում է The Economic Times պարբերականը։
Ըստ պարբերականի՝ վերջերս Հայաստանից բարձրաստիճան պաշտոնյա է ժամանել Նյու Դելի եւ այս առնչությամբ քննարկումներ անցկացրել։ Պարբերականը նշում է, որ Հայաստանը Հնդկաստանի համար Հարավային Կովկասում ռազմավարական դաշնակից է դարձել, իսկ Հնդկաստանը Հայաստանի համար՝ զենքի վստահելի մատակարար։
Հայաստանին մատակարարված Հնդկաստանի վերջին սպառազինությունը ներառել է Pinaka տեսակի բազմափողանի հրթիռային կայաններ, հակատանկային միջոցներ, հրթիռներ եւ այլ զինամթերք։ Ըստ անանուն աղբյուրների՝ նոր խմբաքանակում ներառված ռազմական սարքավորումները հավակնում են զսպող միջոց դառնալ Ադրբեջանի հետ լարված իրավիճակում։
Նախօրեին Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ «հայկական կողմի ակտիվ սպառազինումը լուրջ հարված է խաղաղ գործընթացին եւ նոր սպառնալիք հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության համար»: Դեռ մայիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Ադրբեջանում Հնդկաստանի դեսպան Շրիդհարան Մադհուսուդհանանից հավատարմագրերն ընդունելիս հարցրել է՝ «ինչո՞ւ է Հայաստանը հարյուր միլիոնավոր դոլարի զենքեր գնում, եթե իսկապես Ադրբեջանի հետ խաղաղության է ձգտում»:
Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւն էլ հուլիսի վերջին Հնդկաստանի դեսպանին հորդորել էր պաշտոնական Նյու Դելիին հայտնել Բաքվի մտահոգությունները Հնդկաստանից ՀՀ-ին սպառազինություն մատակարարելու հարցի վերաբերյալ եւ եւս մեկ անգամ վերլուծել Հայաստանին «մահաբեր զենք մատակարարելու նպատակահարմարությունը»։