Իսրայելական բանակի հրամանատարությունը Գազայի հատվածում ցամաքային գործողության վերջնական ծրագիր է մշակել, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է այն ստորագրելուց՝ առաջացնելով բարձրաստիճան սպաների զայրույթը:
The New York Times պարբերականը գրում է, որ պատճառներից մեկը Իսրայելի իշխանության ձգտումն է, որ «Համասի» գրոհայինների հարձակումից հետո ստեղծված արտակարգ կառավարության բոլոր անդամները, ներառյալ ընդդիմության ներկայացուցիչները, հավանություն տան ցամաքային գործողությանը։
Պարբերականի կողմից հարցման ենթարկված վերլուծաբանները հավելել են, որ Նեթանյահուն զգուշանում է ցամաքային գործողության ծրագիրն միանձնյա հաստատելուց՝ վախենալով իր անձի նկատմամբ հասարակության վստահության անկումից, ինչպես նաեւ իր հասցեին հնարավոր մեղադրանքներից, որոնք անխուսափելի կլինեն ծրագրի ձախողման դեպքում: