Ակնհայտ է, որ 1998 թվականի հեղաշրջումը չէր լինի, եթե Քոչարյան-Սարգսյան զույգին չմիանար պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։
Սարգսյանն այդպիսով ոչ միայն հնարավոր դարձրեց հեղաշրջումը, այլեւ դարձավ Հայաստանի եւ Արցախի համար ճակատագրական այդ որոշման հիմնական, եթե ոչ միակ պատասխանատուն՝ ամբողջ խորությամբ գիտակցելով դրա ծանրությունը։
Եվ դա էր պատճառը, որ նա հեղաշրջումից մոտ կես տարի անց Ստեփանակերտում Արցախի հասարակության առջեւ ելույթ ունենալիս, հավանաբար պատասխանատվությունը մեղմելու մտադրությամբ, ակնարկում էր, թե հեռացած նախագահ Տեր-Պետրոսյանն իրենց փորձելու հնարավորություն է տվել։
Փորձարկման համար նախատեսված ժամանակի եւ հնարավոր արդյունքի մասին խոսք չկար, բայց պարզ էր, որ քաղաքական ժամացույցի սլաքները կարող էին նաեւ հետ գնալ։ Գնալ դեպի այն ժամանակը, որի բովանդակությունը, ցավոք, անկրկնելի էր։
Պետք էր մի բան մտածել պատասխանատվության ծանր բեռը կիսելու ուղղությամբ։ Մի կողմից՝ զինակից ընկերներին, մյուս կողմից՝ 90-ականների վայրիվերումներն ապրած հասարակությանը հուսադրելու խնդիր կար։ Այսպես ձեւավորվեց «Միասնություն» դաշինքը՝ իր ոչինչ չասող, բայց նաեւ ամեն ինչ խոստացող «Պաշտպանենք եւ կառուցենք» կարգախոսով եւ puzzle-ի երկու կտոր պատկերող պաստառով։
Դժվար էր կռահել, թե ինչպիսին է լինելու Սարգսյան-Դեմիրճյանի ստեղծելիք Հայաստանը, բայց դաշինքի նպատակը պարզ էր ու հասկանալի, եւ հատկապես ակնհայտ դարձավ ՀՀԿ-ի նախընտրական համագումարում, երբ Վազգենն իր կուսակիցներին ասաց, որ ինքը Քոչարյանի դեմ դուրս չի գալու։
— Հույսներդ կտրե՛ք,- ջղային տոնով հորդորում էր Վազգեն Սարգսյանը՝ դրանով Քոչարյանին ու նաեւ ժողովրդին հասկացնելով, թե «партия требует» (կուսակցությունը պահանջում է)։
Դեմ դուրս չգալու խոստում հնչեցնելով՝ միաժամանակ նա հասկացնում էր, որ իրավիճակի տերն ինքն է, որ ինքը եւ միայն ինքը կարող է զսպել քաղաքական ու ռազմական ուժերին։ …իսկ ինչ-որ պահի կարող է նաեւ չզսպել։
Այդ պահը չեկավ 1999-ի հոկտեմբերի 27-ին։
«Ո՞վ կազմակերպեց ոճրագործությունը» հարցի ցանկացած պատասխան ավելին չի լինելու, քան ենթադրությունը։ Բայց պարզ է մի բան, որ Վազգեն Սարգսյանի հղացած «Պաշտպանենք եւ կառուցենք» puzzle-ն այդպես էլ մնաց չհավաքված։
Ու մնաց չհավաքված ոչ թե այն պատճառով, որ ամբողջական պատկերն էր չափազանց աղոտ, այլ որովհետեւ չափից շատ մեծ էր ստանձնված պատասխանատվությունը՝ հավակնություն նկատվելու աստիճանի մեծ։
Դա արդեն ոչ միայն մեկ անհատի հավակնություն էր, այլեւ ամբողջ մի ազգի ու մի պետության, որը կարող էր դուր չգալ «ռոմանտիկներ» վարժեցնելու ունակ ցանկացած գլոբալ կամ լոկալ ուժի։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։