Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից մինչեւ 2044 թվականը: Դրա մասին տեղեկությունը հրապարակել է ռուսական «Իզվեստիա» պարբերականը՝ ուսումնասիրելով Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի մասին 1995 թվականի պայմանագիրը։ Տեղեկությունը հաստատել են նաեւ Պետդումայում։
Պայմանագրի 27-րդ հոդվածում ասվում է. «Եթե կողմերից մեկը հայտարարում է սույն պայմանագրի գործողությունը դադարեցնելու մտադրության մասին, ռուսական ռազմակայանի լուծարմանն առնչվող հարցերը լուծում է համատեղ հանձնաժողովը։ Ռուսական ռազմակայանի լուծարումը պետք է ավարտվի կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետում»։
«Ըստ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կնքված պայմանագրի՝ գործողության ժամկետի ավարտից հետո այն երկարաձգվում է հինգ տարով, եթե կողմերից մեկը պայմանագրի գործողության հերթական ժամկետի ավարտից առնվազն վեց ամիս առաջ գրավոր չի տեղեկացնում մյուս կողմին դրա գործողությունը դադարեցնելու մտադրության մասին։ Սույն պայմանագրի դրույթները կարող են վերանայվել կողմերից մեկի նախաձեռնությամբ եւ փոխադարձ համաձայնությամբ»,- «Իզվեստիա»-ին հայտնել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը։
2010 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Սերժ Սարգսյանի ստորագրած՝ ռուսական ռազմաբազայի մասին պայմանագրի թիվ 5 արձանագրության համաձայն՝ ՀՀ տարածքում ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարացվել է 34 տարով՝ մինչեւ 2044 թվականը: