Ադրբեջանի կեցվածքը պետք է առիթ դառնա, որ Եվրամիությունը վերագնահատի նրա հետ իր փոխհարաբերությունները։ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում դրա մասին խոսել են Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու եվրոպական երկրների հայրապետական պատվիրակները եւ առաջնորդները։
Նրանք առաջարկել են, որ Եվրամիությունը Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մանրակրկիտ հետաքննություն ձեռնարկի, միաժամանակ միջազգային հուսալի երաշխիքներ ստեղծի՝ տեղահանված արցախահայերի վերադարձն իրենց պատմական հայրենիք, ինչպես նաեւ նրանց անվտանգ կյանքն ու կենսագործունեությունը ապահովելու համար:
Սրբազան հայրերը շեշտել են, որ ժամանակն է, ի պատասխան ադրբեջանական իշխանությունների որդեգրած ցեղասպանական քաղաքականության եւ արցախահայերի հանդեպ կատարած էթնիկ զտումների, միջազգային հանրությունը պատժամիջոցներ կիրառի Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելու համար նրա ռազմատենչ քաղաքականության հետագա դրսեւորումները:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ ԵԱՀԿ-ն եւ անձնապես ինքը կանեն ամեն հնարավորը տարածաշրջանում հարատեւ եւ արդար խաղաղության հաստատման համար, նկատի առնելով նաեւ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը եւ անվտանգ կյանքն իր բնօրրանում: Ըստ Տիկին Շմիդտի՝ ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել տեղահանվածներին եւ հոգալ նրանց հումանիտար եւ հոգեբանական կարիքները:
Հանդիպմանը մասնակցել են տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, տեր Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը եւ տեր Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը։