ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Մալթայի Հանրապետություն Մալթայի Արտաքին, եվրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իան Բորգի հրավերով եւ հոկտեմբերի 28-29-ը կմասնակցի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների երրորդ միջազգային հանդիպմանը՝ նվիրված Ուկրաինայի խաղաղության բանաձեւին:
Քաղաքական խորհրդականների առաջին հանդիպումն անցկացվել է հունիսին Դանիայում, ապա՝ օգոստոսին Սաուդյան Արաբիայում, որտեղ հավաքվել էին 40 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։
Ըստ Մալթայի արտգործնախարար Յան Բորգի՝ հանդիպումը Մալթայում նպատակաուղղված է լինելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձեւին «հնարավորինս լայն միջազգային աջակցություն» ապահովելուն։ The Wall Street Journal-ի գնահատմամբ՝ ապագա փաստաթուղթը կօգնի բանակցություններ սկսելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հանուն խաղաղության հաստատման։