Պաղեստինյան «Համաս» շարժման ղեկավարության ներկայացուցիչ Ալի Բարաքան Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է, որ հոկտեմբերի 27-ի գիշերը Գազայի հատվածի երեք ուղղություններով Իսրայելի ցամաքային ներխուժման փորձը ձախողվել է։ Ըստ նրա՝ իսրայելական բանակը մեծ կորուստներ է կրել: Բարաքան հավելել է, որ իսրայելցի զինվորականները մարտադաշտից վիրավորներին ու մահացածներին տարհանել են ուղղաթիռներով։
Սա այն ցամաքային գործողությունը չէ, որ բոլորը սպասում էին
Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրները Fox News-ի թղթակցին հայտնել են Գազայի սահմանին կատարվողի մասին։ Ըստ աղբյուրների՝ Գազայում ցամաքային գործողության ընդլայնումն այն ցամաքային ներխուժումը չէ, որ բոլորն ակնկալում են:
Գազայում ցամաքային գործողություններն «ընդլայնելու» որոշումը Իսրայելի ռազմական կաբինետը կայացրել է հինգշաբթի գիշերը (հոկտեմբերի 26) պատանդների հնարավոր ազատ արձակման շուրջ բանակցությունների փակուղի մտնելուց հետո, հաղորդում է ամերիկյան Axios լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելական պաշտոնյաներին:
Արտասահմանյան լրատվամիջոցների գծով վարչապետի ներկայացուցիչ Մարկ Ռեգեւը MSNBC-ին (Microsoft եւ National Broadcasting Company) տված հարցազրույցում հայտարարել է, որ «Համասն» այս գիշեր կզգա Իսրայելի ցասումը: Նա կսկսի հատուցել մարդկության եւ Իսրայելի դեմ իր հանցագործությունների համար:
ՄԱԿ-ն անհապաղ զինադադարի կոչ անող բանաձեւ է ընդունել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ճնշող մեծամասնությամբ հավանություն է տվել բանաձեւին, որը կոչ է անում «անհապաղ, մշտական եւ կայուն մարդասիրական զինադադար»՝ Գազայի հատվածում «պատերազմին վերջ տալու համար»: Կողմ է արտահայտվել 120, դեմ՝ 14, ձեռնպահ՝ 45 երկիր։