«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության եւ Դիլիջանի միջազգային դպրոցի համագործակցության շնորհիվ Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեի 2017 թվականի մասնակիցների աշխատանքները Տավուշ են հասել։ Դրանք ցուցադրվում են Դիլիջանի երկրագիտական թանգարանում եւ արվեստի պատկերասրահում։
«Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր-նախագահ Սոնա Հարությունյանը «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում ասում է՝ երբ 2017 թվականին առաջին անգամ նախաձեռնել են Գեղարվեստական տպագրության երեւանյան միջազգային բիենալեն, չեն էլ պատկերացրել, որ 2023-ին այն արդեն այսպիսի ծավալ կունենա։
«Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն այսօր կերպարվեստի ոլորտում Հայաստանում միակ լայնածավալ միջոցառումն է։ Եթե որեւէ երկիր իրականացնում է բիենալե՝ ցուցահանդեսների շարք, որն անցկացվում է երկու տարին մեկ, արդեն հայտ է ներկայացնում միջազգային մասնագիտական հանրույթին՝ ոլորտում կարեւոր տեղ զբաղեցնելու»։
Գեղարվեստական տպագրությունը կերպարվեստում յուրահատուկ ուղղություն է. պղնձի, քարի, փայտի, լինոլեումի, թիթեղի եւ ավելի նոր հիմքերի վրա փորագրված պատկերը տպագրական հաստոցի միջոցով արտատպվում է թղթի վրա։ Դիլիջանի միջազգային դպրոցի ուսանողները շուրջ մեկ տարի կամավոր արխիվացրել ու թվայնացրել են Բիենալե 2017-ի փորագրանկարները։ Դպրոցի ընդունելության կառավարիչ Մանե Թամանյանը, որ համակարգել է ուսանողների աշխատանքը, մեծ ոգեւորությամբ է ընդգրկվել այդ գործում։
«Բոլոր ուսանողները, որոնք ներգրավված էին այս աշխատանքներում, նույնպես խանդավառվել էին, որ կարելի է նման օգտակար գործ անել՝ ծառայություն մատուցելով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությանը եւ բիենալեին»։
Աշխատանքի մյուս համակարգողը`UWC Դիլիջանի միջազգային դպրոցի արվեստի դասախոս Յարո Զաբավսկին, արդեն յոթ տարի Հայաստանում է։ Ասում է՝ մեր երկրի երիտասարդները կարող են այս ոլորտում մեծ նվաճումների հասնել, իսկ նման միջոցառումները կնպաստեն արվեստի այս ճյուղի հանրայնացմանը։
«Այս բիենալեն օգտակար է Հայաստանի համար, քանի որ տեղավորվում է արվեստի միջազգային քարտեզի վրա: Իսկ արտերկրից Հայաստան եկող արվեստագետների թիվն ավելանում է»։
Միջազգային դպրոցի ուսանող Ալեքսանդր Խալաթյանը, որ ներգրավված է եղել փորագրանկարների արխիվացման աշխատանքներում, վստահ է, որ մարզերի բնակիչների համար եւս պետք է ստեղծել արվեստին առնչվելու եւ դրանով զբաղվելու հնարավորություններ։ «Միշտ լսում ենք, որ արվեստով զբաղվելը չի խրախուսվում։ Երբ հասկանանք, որ արվեստի ցանկացած ճյուղ սպառման ենթակա է, արվեստագետներն ավելի կոգեւորվեն»։
Աշխարհի մի քանի տասնյակ երկրների ստեղծագործողների փորագրանկարները Դիլիջանում կցուցադրվեն մինչեւ նոյեմբերի 4-ը։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: