«Մեր դպրոցում ամենակարեւոր արժեքը եւ այն առանցքը, որի շուրջ պետք է կառուցվի կրթությունը, դա մեր պետությունն է, եւ պետականությունն է իբրեւ արժեք»,- հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Ազգային ժողովում՝ պատասխանելով 7-րդ դասարանի պատմության նոր դասագրքի մասին հարցին:
Դասագրքի բովանդակության եւ արժեքի քննարկումները թողնենք մասնագիտական հանրությանը: Ինձ համար մտահոգիչ է կրթության փիլիսոփայության՝ նախարարի ձեւակերպումը։ Ստացվում է, որ մեր հանրակրթության նպատակն ու հիմքը պետությունն ու պետականությունն է, այսինքն` այլ եզրույթով` էտատիզմը:
Հարց. բա ո՞ւր մնաց երջանիկ, ազատ ու հպարտ քաղաքացին, այսինքն` մարդը:
Հիշեցնեմ, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ նրա ղեկավարը քաղաքացու, այսինքն՝ մարդու ազատության, երջանկության, հպարտության եւ արժանապատվության թեզերով է եկել իշխանության:
Արժեքներ, որոնք համադրելի են 18-րդ դարավերջին միապետության դեմ հաղթանակած ֆրանսիական հեղափոխության` ազատությանը, հավասարությանը եւ եղբայրությանը (Liberty, Equality, Fraternity), ինչպես նաեւ ամերիկյան անկախության հռչակագրի երջանկության իրավունքի (persuit of happiness) հետ։
Տարիներ շարունակ հենց այս արժեքներն են եղել Նիկոլ Փաշինյանի հռչակած գաղափարական դավանանքի հիմքում: Ազատ եւ երջանիկ ապագայի խոստում է տրվել մեր ժողովրդին ու քաղաքացուն, ինչը եւ պետք է արտացոլվեր նրա վարած պետական քաղաքականության մեջ:
Ուրեմն ինչ-որ բա՞ն է փոխվել: Եթե պետությունն ու պետականությունն է Փաշինյանի կառավարության կրթության քաղաքականությունը իրականացնողի կարեւորագույն արժեքն ու առանցքը, նշանակում է՝ այն վեր է քաղաքացուց, ուստի եւ՝ մարդուց:
Եթե վերջին ասվածն իրական է, ապա կարող ենք եզրակացնել, որ գործող քաղաքական մեծամասնությունը պետությունը վեր է դասում մարդուց, ինչի հետևանքով մարդը դառնում է այդ պետության ու պետականության համար ռեսուրս, այլ ոչ թե արժեք:
Այսինքն, հարցին`«պետությո՞ւնն է մարդու համար, թե՞ մարդը՝ պետության», Փաշինյանի կառավարության կրթական քաղաքականությունն առնվազն պատասխանում է հօգուտ պետության եւ պետականության եւ ոչ հանուն մարդու: Մեր հանրակրթությունը երեխային տրվող գիտելիքի հիմքերի հիմքում դնում է պետությունը՝ որպես արժեքների արժեք:
Հետպատերազմական շրջանում, իսկ հատկապես 2021-ի հուլիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո «Քաղաքացիական պայմանագրի» հռետորաբանությունը ներքաղաքական ընդդիմախոսների հետ բանավեճում նոր ձեւակերպումներ է ստացել: Եթե մինչեւ 2020-ի արցախյան պատերազմը ընդդիմությունը համարվում էր հակահեղափոխական, ապա վերջին երկու տարիներին շրջանառության մեջ է դրվել առավելապես հակապետական պիտակավորումը:
Անխոս, գործող ընդդիմության շարքերում անգամ անթաքույց կերպով Հայաստանի պետականությունը կասկածի տակ դնողներ կան, իսկ արտաքին ուժերի թելադրանքով հեղաշրջման փորձեր անողներին այլ կերպ, քան հակապետական դժվար է որակել: Իշխանության կողմից, սակայն, վտանգավոր սահմանի է հասնում «ով մեր դեմ է, դեմ է Հայաստանի ինքնիշխանությանը» ձեւակերպումը:
Ա՛յ, այստեղ սկսում ենք գործ ունենալ երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը գործող քաղաքական մեծամասնության հետ նույնացնելու վտանգավոր թեզի հետ, որը կրկնությունն է Լյուդովիկոս 14-րդի` «պետությունը ես եմ»-ի (L’État, c’est moi):
Այս ամենը թերեւս օրինաչափ է՝ հաշվի առնելով այն, թե ինչպես պետության ղեկավարի նախկինում մերժված լուսանկարները վերադարձան պաշտոնյաների աշխատասենյակներ: Ունեցել ենք նաեւ պետական կարեւորագույն սիմվոլը` դրոշը ոչ պատշաճ ձեւով կիրառելու առնչությամբ մարդու արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դիպվածը:
Այսուհանդերձ, հանրակրթության քաղաքականության արժեքային առանցքը որոշելը որեւէ քաղաքական իշխանության մենաշնորհը չէ եւ չի կարող լինել: Այս հարցում պետք է լինի մասնագիտական եւ շատ ավելի լայն հանրային կոնսենսուս։ «Օրինական ընտրված եմ, ուստի եւ որոշում եմ, ինչպես ուզում եմ» վստահությունը չի աշխատում:
Մասնագիտությամբ արեւելագետ, հակամարտությունների վերլուծաբան։ Խառնվածքով՝ քաղաքացիական ակտիվիստ։ Հոգով՝ ստեղծարար եւ նորարար։ Վրաստանի հայալեզու Ալիք կայքի հիմնադիրն է։