Մենք՝ երկիրը, կախված ենք մազից։ Եվ մեզնից ոչ ոք չգիտի, թե վաղն ինչ կարող է պատահել։ Ամեն ինչ կարող է պատահել։ Ամեն քայլը կարող է ճակատագրական դառնալ։
Պատերազմի օրերին խոստացանք ինքներս մեզ եւ միմյանց, որ էլ առաջվա պես չենք լինելու։ Իհարկե, առաջվանը չենք այլեւս։ Բայց դրանից ո՛չ մեր, ո՛չ մեր հայրենիքի դրությունն ավելի լավը չի դառնում։
Իրադարձությունների եւ մեծ ողբերգությունների խորքում անհետացավ տեսանելին։ Փոխարենը հայտնվեց քաոսային, անընդհատ փոփոխվող անըմբռնելին։ Մեզնից յուրաքանչյուրն օրական կարդում ու լսում է շատ վերլուծություններ։ Հաջողվո՞ւմ է դուրս բերել ճշմարտությունը՝ ինչ է կատարվել իրականում, եւ ինչ է լինելու հետո։
Պահանջվում է գլուխ հանել այս մեդիաշփոթից ինչպես ուզում ենք, փրկենք հայրենիքն ինչպես կարող ենք։ Բոլորս նետված ենք մեր՝ երկրի ճակատագրի լուծման պատերազմի բաց դաշտ։ Եվ ահա կանգնած ենք դեմ դիմաց՝ վիրավոր, շփոթված, ագրեսիվ ու բոլորովին մեն-մենակ։ Ահա թե ինչ է պատահել մեզ հետ։
44-օրյա պատերազմից հետո մասնագիտությունս պատերազմի դաշտում անհայտ կորցրել էի։ Երեք տարի փորձում էի դուրս բերել իրականության եւ իմաստավորման հատման գեթ մեկ կետ։ Չէր ստացվում։ Ուզում էի դուրս գալ սուբյեկտիվ ճշմարտություններից եւ գտնել մեկ նախադասություն, որն օբյեկտիվ ճշմարտություն է։ Եվ հիմա էլ, վստահ չեմ, թե գտել եմ։
Ուրեմն, ո՞րն է այս օրերում խոսք ասելու շարժառիթը՝ օբյեկտիվ ճշմարտության հա՞յցը, թե՞ սուբյեկտիվ տվայտանքը։
Ի՞նչ խոսել հայրենիքը կորցրած, հավատի եւ վստահության մեջ մոլորված, տեղեկատվական պատերազմում մինչեւ կոկորդը խրված, ամեն օր փոփոխվող սահմաններից սպանված կամ մոխրացած որդիների մարմինները հողին հանձնող մարդկանց հետ։ Ինչպե՞ս խոսել, որ մարդը վերականգնի հույսը, խոցված արժանապատվությունը, ինչ-որ բանի հավատալու կարողությունը։
Մենակությունն ու աշխարհի հետ հարաբերվելը, ե՛ւ սերը, ե՛ւ անաչառությունը, ե՛ւ միմյանց վստահելը, անորոշությանը դիմակայելը պետականության անվտանգություն է՝ կենսականություն եւ դիմակայություն։ Սակայն ազնվորեն կասեմ, որ մեր կենսականությունն ու դիմակայունությունը վերականգնելու ելքերի միայն իմ որոնումը կարող եմ ներկայացնել։ Այլեւս չեմ կարողանում խուսափել տեղեկացնելու եւ իմացածը հայտնելու մասնագիտական պատասխանատվությունից։
Ամենաանպատասխանատու մարդիկ ստրուկներն են։ Ընդ որում՝ անպատասխանատու են լեգիտիմորեն։ Նրանք կարող են լավ կամ վատ անել ինչ-որ բան, բայց չեն կարող պատասխանատվություն կրել։
Պատմությունը, որի մեջ ենք բոլորս, թվում է կրքերի, եսասիրության, իշխանատենչության, ծախու խղճի, ավերված քաղաքների թատերաբեմ։ Այս համայնապատկերից զարհուրած՝ մոռանում ենք, որ այս բոլորը պատմության միայն մեկ կողմն են։ Բայց առաջին հերթին մոռանում ենք, որ ինքներս էլ այս պատմության միայն դիտորդն ու վկան չենք եւ նույնպես պատասխանատու ենք կատարվողի համար։ Այս իրավիճակում լալկան կամ հոխորտալի պաթոսը դժվար է փոխարինել ֆելիետոնով։
Ուստի նախկին պայքարողս, պատերազմում ջախջախվածս, հայրենիք կորցրածս եւ նախորդ սխալներին նորանոր սխալներ ավելացնելու վախից ու նաեւ ամոթից երեք տարի պինդ լռածս՝ կրթությամբ եւ մասնագիտությամբ լրագրող, որոշեցի պարբերաբար մեկ լավ եւ մեկ վատ լուրի շուրջ խոսել։
Իհարկե, մեկ լավ եւ մեկ վատ լուր հայտնելը հայ-թուրք-ռուս բռնած դեւի չափ շրջանառված է ժողովրդական ինձ շատ սիրելի ժանրում՝ անեկդոտներում։ Բայց անեկդոտից չես խուսափի։ Անեկդոտ հորինվել է անգամ Հայոց ցեղասպանության եւ 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին։
Մարինա Բաղդագյուլյան