«Հնարավո՞ր է՝ Միացյալ Նահանգները եւս միանա դիտորդական առաքելությանը» «Ազատության» հարցին ԱՄՆ դեսպանությունից հայտնել են, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությանը:
Դեսպանատնից նշել են նաեւ, որ ողջունում են գործընկերների, դրանց թվում՝ տարածաշրջանում փոխվստահություն կառուցելու եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության համար կառուցողական մթնոլորտ ապահովելու հարցում Եվրամիության ջանքերը։
«Միացյալ Նահանգները ամուր աջակցություն է հայտնում Հայաստանի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»,- ասված է ԱՄՆ դեսպանության պատասխանում։
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հոկտեմբերի 26-ին հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի եւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետ։ Հանդիպումից հետո առաքելությունը հայտնել է, թե կողմերը քննարկել են ԵՄ առաքելության մանդատին եւ հայ-ադրբեջանական սահմանի անվտանգային զարգացումներին առնչվող հարցեր։