ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԺ-ում ներկայացնելով 2024 թվականի պետական բյուջեի նախագիծը, հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղին մինչ այժմ որպես միջպետական վարկ հատկացվող գումարները Հայաստանի Կառավարությունը հաջորդ տարի կուղղի տարբեր ծրագրերի իրագործմանը։
Ըստ նախարարի՝ բյուջեի նախագիծը ներկայացվել է սեպտեմբերի վերջին, երբ տեղի էր ունենում Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, եւ ներկայացված սցենարում չկա միջոցառումների եւ ծրագրերի ամբողջական շրջանակը, որը Կառավարությունը մտադիր է իրագործել հաջորդ տարի:
Ուշագրավ է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել է, որ «ոստիկանության, ԱԱԾ-ի կարողությունների մեծացումը Կառավարության ուշադրության կենտրոնում է»։ Նա շեշտել է, որ եթե ներքին անվտանգության ապահովման համար 2018-ին ծրագրված հատկացումը եղել է 63,3 միլիարդ դրամ, ապա 2024 թվականի համար նախատեսված է 148 միլիարդ դրամ:
Ի դեպ, ՀՀ ներքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանն իր հերթին ԱԺ-ում հայտարարել է, որ 2024-ին նախատեսվում է ապառազմականացնել ոստիկանության զորքերը եւ վերածել ոստիկանության գվարդիայի։ Ըստ նրա՝ այդ ստորաբաժանմանը կվերապահվեն հասարակական կարգի եւ անվտանգության պահպանման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության, ինչպես նաեւ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման եւ այլ գործառույթներ։
Հիշեցնենք նաեւ, որ Հայաստանի Կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար հատկացրել է շուրջ 54 միլիարդ դրամ, որից այս պահի դրությամբ ծախսվել է 16 միլիարդ դրամը: