Ըստ գերմանական Der Spiegel պարբերականի՝ Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը քիչ է մնացել խափանի Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ հանդիպումը: Բանն այն է, որ Բերբոքը հոկտեմբերի 10-ին ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում էմիրությանը մեղադրել է ահաբեկիչներին հովանավորելու համար:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ էմիրը դրա պատճառով կասկածի տակ է դրել Բեռլինում Բերբոքի հետ ծրագրված հանդիպումը։ Բերբոքի ներկայացուցիչը, ի պատասխան Der Spiegel-ի հարցման, հերքել է այդ տեղեկությունը։ Պարբերականը նշում է, որ ի վերջո էմիրը, այնուամենայնիվ, հանդիպում է ունեցել Բերբոքի հետ, որի ընթացքում նախարարին հիշեցրել է, որ «Կատարի կողմից օգնության ցուցաբերումը Պաղեստինին համաձայնեցված է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ եւ խստորեն վերահսկվում է»։