Ձեռքի մի քանի վարժ շարժումով տիկին Ինգան բազմատեսակ կանաչիներով լցոնած խմորի մեծ ու ախորժելի գնդին օվալի ձեւ է տալիս: Ասում է՝ ավելի առողջարար սնունդ, քան արցախյան ժենգյալով հացն է, հազիվ թե լինի:
Ժենգյալով հաց թխելու գաղտնիքները մորից է սովորել, մայրն էլ՝ տատից. արցախցի կին ես, ուրեմն ժենգյալով հաց թխել գիտենալը հաճելի պարտավորություններիդ շարքում է:
Ինգա Թովմասյանի ընտանիքի ճակատագիրը շատ չի տարբերվում Արցախից բռնի տեղահանված այլ ընտանիքների պատմություններից: «Հայրենիքումդ ապրելու համար, չգիտես ինչու, միշտ հարազատ տղամարդկանց կյանքով ենք հատուցում»:
Ինգան էլ արյունակից եւ հարազատ երիտասարդ տղամարդկանց գերեզմաններ է թողել Ստեփանակերտում, սկզբում՝ սովի ու շրջափակման, այնուհետեւ գաղթի ճանապարհ հաղթահարել: 15-ամյա որդու հետ Գյումրու ծայրամասային թաղամասում՝ «Գծի հետեւում», տուն են վարձել, հաստատվել: «Ոչինչ չեմ վերցրել հետս, միայն նկարներ, տեսասկավառակներ, իրադարձություններ հիշեցնող խորհրդանշական իրեր»,- գազօջախի վրա կարմրող տաք հացերն անընդհատ շրջելով՝ պատմում է Ինգան:
Թեեւ խոհանոցում հաճելի բուրմունքից բացի կարգ ու կանոն, մաքրություն է, տանտիրուհին նեղսրտում է. «Ես այսպես ժենգյալով հաց չէի թխում Ստեփանակերտում: Իմ ամանները միագույն էին, բոլորն իրենց տեղերում ու ըստ նշանակության… այստեղ հարմարեցրել եմ մի կերպ»:
Գյումրիում Թովմասյանները լավ են զգում, ասում են՝ հարազատ միջավայր է, 44-օրյայի ժամանակ էլ են այստեղ ապրել, ժենգյալով հաց թխել, վաճառել, հասույթը հիմնադրամին փոխանցել: Բայց պատերազմը դադարելուն պես հետ գնալն իրենց պարտքն են համարել:
«Անկախ ամեն ինչից՝ ես մտածում եմ, որ ամեն բան լավ է լինելու, իմ գործն եմ բացելու, տղայիս օգնությամբ աշխատելու ենք, ապրենք»,- ասում է Ինգան եւ հավելում, որ այլեւս ճամպրուկ հավաքել, սիրտը թողնել հարազատ դարձած եզերքում ու հեռանալ չի ուզում. միայն թե գործը հաջողի այստեղ:
Պետության կողմից ստացած ալյուրն ու ձեթն արդեն «գործի մեջ է դրել», ժենգյալով հացի պատվերներ է ընդունում: Ով կերել է, շատ է հավանել: Որոշ ժամանակ տանը կաշխատի, գումար կհավաքի, հետո սեփական փոքր արտադրամասը կբացի քաղաքի բանուկ հատվածում: Ճիշտ է, հիմա կանաչեղենի որոշ տեսակներ չի կարող գտնել Գյումրիում, բայց հենց «գործը դրեց», մայրաքաղաքից կբերի: Հաշվարկել է. շուրջ 200 հազար դրամ որ ունենա, բիզնեսի անհրաժեշտ պարագաներ կգնի՝ գազօջախ, սպասք, սրբիչներ, գոգնոցներ եւ այլ իրեր:
Տիկին Ինգայի անզուգական ժենգյալով հացը պատվիրելու համար կարող եք զանգել նրան 093 44 31 57 հեռախոսահամարով:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։