Իսրայելի ազգային անվտանգության հարցերով վարչապետի խորհրդական Ցաչի Հանեգբին հայտարարել է, որ Գազայի հատվածում գործողության երկու փուլն ավարտված է։ Իսրայելը կհաղթի երրորդ փուլում՝ չնայած մեծ կորուստներին:
«Israel Hayom» պարբերականին տված հարցազրույցում իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ոչնչացման նպատակին հասնելու ճանապարհը հաղթահարվել է 10 տոկոսով:
Պարբերականի տեղեկություններով՝ Իսրայելի ազգային անվտանգության խորհրդում եւ ԱԳՆ-ում ստեղծվել է երկու աշխատանքային խումբ, որոնք առանձին ուսումնասիրում են Պաղեստինի հետպատերազմական կառավարման զանազան տարբերակներ: Առաջարկած տարբերակների թվում են միջազգային վերահսկողության հաստատումը, Եգիպտոսի հետ համատեղ կառավարման մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաեւ Գազայում իշխանության փոխանցումը պաղեստինցի քաղաքական գործիչ Մոհամմեդ Դախլանին:
Ավելի վաղ Մոսադի իրանագիտության բաժնի նախկին ղեկավար, իրանագետ Սիմա Շայնը համոզմունք է հայտնել, որ ՀԱՄԱՍ-ի տապալումից հետո Գազայում անիշխանություն է տիրելու: Նա նշել է, որ իրադարձությունների նման զարգացումից հնարավոր կլլինի խուսափել, եթե Իսրայելի ռազմական արշավը Գազայում ավելի հաջող ընթանա: