Նոյեմբերի 1-ին Ղազախստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իր պաշտոնակից Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ բանակցությունների ավարտին նախատեսում է Աստանայում ստորագրել մի շարք պայմանագրեր։
Ըստ France 24 պարբերականի՝ Կենտրոնական Ասիայի երկրներ Ֆրանսիայի ղեկավարի այցի հիմնական նպատակն է ռազմավարական եւ տնտեսական կապերի ամրապնդումը։
Կողմերը մտադիր են պայմանագրերի կնքման միջոցով ապահովել Ֆրանսիայի եւ Ղազախստանի միջեւ սերտ համագործակցությունը էներգետիկայի, օգտակար հանածոների մատակարարումների, տրանսպորտի եւ ավիացիայի ոլորտներում։ Ֆրանսիայի նախագահի աշխատակազմում նշել են նաեւ պաշտպանական համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին։ Ֆրանսիան, մասնավորապես, հետաքրքրություն է ցուցաբերում՝ մասնակցելու Ղազախստանում առաջին ատոմակայանի կառուցման նախագծին։
Ղազախստանից հետո Ֆրանսիայի նախագահը նախարարների եւ խոշոր կորպորացիաների ղեկավարների հետ կայցելի Ուզբեկստան: