Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է, որ առաջիկա շաբաթներին Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիայի մեծ հավանականություն կա: Ըստ հայտարարության՝ ադրբեջանական ղեկավարությունը հավակնություն ունի Հայաստանի հարավային շրջանների՝ Սյունիքի մարզի նկատմամբ։
Լեմկինի ինստիտուտը հիշեցնում է, որ դեռ բոլորովին վերջերս քննարկվում էր, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման, որը պետք է անցնի Սյունիքով՝ «մայրցամաքային» Ադրբեջանը կապելով Նախիջեւանի ինքնավարության հետ։
«Հաշվի առնելով տարածաշրջանում վերջին քաղաքական զարգացումները, դրանց թվում՝ 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղ եւ դրան հաջորդած տարածքների զավթումը, ինչպես նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում էնդեմիկ ցեղասպանությանն ուղղված լայնորեն տարածված հայատյացությունը՝ ադրբեջանական ներխուժումը ցեղասպանության վերաճելու վտանգավոր բարձր ռիսկ է պարունակում»,- նշվում է հայտարարության մեջ։