Ֆրանսիայի դեսպանատան շենքի, որտեղ խորհրդային տարիներին տեղակայված էր Թատերական գործիչների միությունը, հետնամասում մի բար կար։ 90-ականների սկզբին հաճախ էինք հավաքվում՝ մի բաժակ կոնյակ խմելու։
Բարում տարատեսակ երաժշտություն էր հնչում՝ եվրոպական էստրադայից, ռուսական պոպսայից մինչեւ ռաբիս՝ հատկապես այդ օրերին շատ ժողովրդական Արամ Ասատրյան։
Մի օր նստած ենք, Արամ Ասատրյանը երգում է. «Ապրում ենք մենք առանց քենի ու ոխի, / թե հարկ լինի կդիմանանք ոսոխին։ / Մեզնից բացի՝ ո՞վ մեր վերքը կամոքի, / անհնար է հայոց ոգին ընկճել։ / Անհնար է, անհնար է, անհնար…»։
Մեկը սկսեց ծաղրել, մյուսն, էստաֆետն ընդունելով, շարունակեց. ռաբիսի նկատմամբ վերաբերմունքն էր այդպիսին։ Երրորդը շատ լուրջ ասաց. «Տղե՛րք, ես էնտեղից (Արցախի պատերազմից) եմ գալիս ու ասեմ՝ ինչ որ ես տեսա, իսկականից անհնար ա ընկճել»։
Ինչո՞ւ եմ պատմում աննշան այս հուշը։ Որովհետեւ, իմ կարծիքով, 1997 թվականի այս օրը՝ նոյեմբերի 1-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Լրջանալու պահը» հոդվածում բանալի բառը ո՛չ պատերազմն է, ո՛չ խաղաղությունը, ո՛չ էլ պահը, ինչն առաջին նախագահին պաշտպանող շատերն են համարում այդպիսին։
Մարդիկ սովորաբար հարբում (անլրջանում) են երկու առիթով՝ տխուր եւ ուրախ։ Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ մենք, 19-րդ դարի վերջից սկսած, տխուր առիթով անընդհատ հարբած էինք։ 1990-ականներին եղավ պատերազմ, եղան հաղթանակներ, նահանջներ ու նորից հաղթանակներ, ու մենք հարբեցինք արդեն ուրախ առիթով՝ վստահ, որ «Անհնար է, անհնար հայոց ոգին ընկճել»։
Եվ սա է պատճառը, որ հայտնի հոդվածի վերնագրում «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» երկընտրանքի կողքին տեղ գտած «լրջանալ» բայը պետք է դիտարկել որպես բանալի։
Բազմիցս խոսել կամ գրել եմ, հիմա պետք է կրկնեմ այն տարակուսանքս, թե Անվտանգության խորհրդի հունվարի 8-ի նիստում ինչու ամենաթույլ փաստարկը հենց Վազգեն Սարգսյանը ներկայացրեց. «Կզիջենք այն ժամանակ, երբ ստիպված կլինենք»։ Փաստարկ, որն, ի վերջո, ճակատագրական դարձավ մեզ համար։
Սա շատ նման էր հարբած վիճակում ասված խոսքի։
Կենցաղային օրինակով՝ ընկերներն անկառավարելի հարբածին զգուշացնում են՝ եթե շարունակես, ոստիկանություն կգա, ինքն էլ ասում է՝ գալիս ա, թող գա, ու որոշ ժամանակ անց սթափվում նախնական կալանքի նեղլիկ խցում։
Մեր հասարակության զինական հատվածը (հազար փառք իրենց քաջությանն ու անձնազոհությանը) հարբած էր ժամանակավոր, անհեռանկար հաջողություններով, որ բարձունք գրավելու ադրենալինից այն կողմ չէր անցնում։
Հիմա առաջին նախագահին հաճախ մեղադրում են, որ իմանալով ճիշտ ճանապարհը՝ չի պնդել ու թեկուզ ուժով առաջ չի տարել իր ճիշտը։ Բայց ի՞նչ են պատկերացնում այսպես մտածողները։ Ի՞նչ պիտի աներ, տեղավորեր հազարավոր հարբածներին ժամանակավոր պահման խցերո՞ւմ (Հայաստանում սթափարաններ չեն եղել ու չկան), որ «օյաղանայի՞ն»։
Բայց մեր հասարակության մյուս հատվածներն էլ էին հարբած, հարբած էին ոչ թե սեփական քաջության ու անձնազոհության գինով, այլ զինական հատվածի արբեցումից։
Եվ այդպես՝ 90-ականների պատերազմից մինչեւ 44-օրյա մեր հիթը եղավ ու մնաց Արամ Ասատրյանի ոգեշնչող երգը. «Անհնար է, անհնար հայոց ոգին ընկճել։ Անհնար է, անհնար է, անհնար…»։
Իմ կրոնն ու դավանանքը խոսքն է։ Ուժին, սպառազինությանը, քաղաքական խարդավանքներին ու նման բաներին չեմ հավատում։ Պետք է խոսենք, համոզենք իրար, եթե անգամ դա անհնար է թվում։