Նոյեմբերի 1-ին Անկարայում Հոսեյն Աբդոլլահիանի հետ համատեղ ասուլիսում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Ուկրաինայի եւ Պաղեստինի իրադարձություններին մոտեցումները տարբեր են։ «Ուկրաինայի եւ Պաղեստինի համար առանձին չափանիշներ չեն կարող լինել։ Եթե ցանկանում ենք արդարություն, միշտ պետք է ունենանք սկզբունքային եւ հետեւողական գործելակերպ»,- ասել է Ֆիդանը։
Ըստ թուրք նախարարի՝ Անկարան չի ցանկանում, որ Գազայի հատվածում իրադարձությունները վերաճեն լայնամասշտաբ պատերազմի, հակառակ դեպքում դա կազդի տարածաշրջանի երկրների վրա։ Թուրքիայի արտգործնախարարը քննադատել է ԵՄ երկրներին Գազայի հատվածում հրադադարի հաստատման հարցում ցուցաբերած պասիվության համար: Ֆիդանը նշել է, որ Գազայում իրավիճակի վերաբերյալ իր հավաքական ապակառուցողական դիրքորոշման պատճառով ԵՄ-ն «զինադադարի մասին լսել անգամ չի ուզում»:
Ըստ թուրքական «Անադոլու» գործակալության՝ Իրանի արտգործնախարար Աբդոլլահիանն էլ ասել է, որ եթե պատերազմը չդադարեցվի, տարածաշրջանում իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու ամբողջ պատասխանատվությունը կդրվի ԱՄՆ-ի, Իսրայելի եւ ռազմական հանցագործություններին աջակցողների վրա։