Կալիֆոռնիայի Լոս Անջելես քաղաքում հիմնված «Ճշմարտության եւ արդարադատության կենտրոն-ՃԱԿ» (The Center for Truth and Justice) ամերիկյան կազմակերպությունը իրավաբանների միջազգային համախմբում է։
2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից ի վեր ՃԱԿ-ը Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի իրավաբանների, իրավաբանության ուսանողների ուժերով փաստագրում է հայերի նկատմամբ մարդու իրավունքների խախտումները եւ ռազմական հանցագործությունները։
Օրերս կենտրոնը դիմել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ հիշեցնելով համաներման եւ բարեխիղճ խաղաղ բանակցությունների մասին Ադրբեջանի տված եւ չկատարած խոստումները։
9 էջանոց (անգլերեն տարբերակը՝ 6 էջ) հրատապ զեկույցում իրավաբանները թվարկել են Ադրբեջանի բանտերում ազատազրկված հայ քաղաքական եւ ռազմական գործիչների անունները, որոնց նկատմամբ Իլհամ Ալիեւը խոստացել էր համաներում կիրառել, եթե Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը լուծարվեր, նախագահը հանձնվեր, իսկ բոլոր նախարարները, պատգամավորները եւ այլ անձինք հրաժարվեին իրենց պաշտոններից։
ՃԱԿ-ը հիշեցրել է, որ այս տարվա մայիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակայնորեն ողջունել է համաներման մասին Ադրբեջանի հայտարարությունները։
«Ձերբակալված այս անձինք, որոնց միակ հանցանքը եղել է իրենց քաղաքական իրավունքների խաղաղ իրացումը, կալանքի տակ են պահվում կեղծ եւ շինծու մեղադրանքներով, ինչն արտացոլում է Ադրբեջանի կողմից էթնիկ հայերի իրավունքների քաղաքական ճնշման եւ անտեսման առավել ընդարձակ մոդելը»,- ասվում է հրատապ զեկույցում։
Զեկույցով կոչ է արվում ԱՄՆ պետքարտուղարությանը վճռական քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Ալիեւի կողմից ապօրինաբար ձերբակալված հայերին վնաս չպատճառելը, եւ պահանջվում է նրանց անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակումը։