Ըստ Petra գործակալության՝ Գազայի հատվածի վրա հարձակումների պատճառով Հորդանանն անհապաղ հետ է կանչում Թել Ավիվում իր դեսպանին:
Նախօրեին, ըստ Reuters գործակալության, Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր Բոլիվիան, իսկ Կոլումբիան եւ Չիլին հետ են կանչել իրենց դեսպաններին խորհրդակցությունների համար: Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն հարձակումներն անվանել է «պաղեստինյան ժողովրդի ջարդ»:
Հարավային Ամերիկայի երեք երկրներ քննադատել են Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա եւ դատապարտել պաղեստինցի խաղաղ բնակիչների սպանությունները։
Լատինական Ամերիկայի երկրները, մասնավորապես՝ Մեքսիկան եւ Բրազիլիան, եւս Իսրայելին կոչ են արել դադարեցնել կրակը: «Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, Իսրայելի վարչապետի խելագարությունն է, ով ցանկանում է ջնջել Գազայի հատվածը երկրի երեսից»,- ավելի վաղ հայտարարել էր Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան:
Բոլիվիան Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել էր 2009-ին ձախակողմյան նախագահ Էվո Մորալեսի կառավարության օրոք։ 2020 թվականին աջակողմյան ժամանակավոր նախագահ Ժանին Անեսի կառավարությունը վերականգնել էր հարաբերությունները։