Մանկավարժի գործով Լիլիթ Բարսեղյանը չհասցրեց երկար զբաղվել։ Սեպտեմբերին էր ընդունվել Ստեփանակերտի Անանիա Շիրակացու ճեմարան որպես հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ։ Դպրոցում է եղել, երբ սկսվել են պայթյունները։
«Դասի ընթացքում նկատում էինք, որ երեխաներին ծնողներն անընդհատ զանգում էին, ասում, որ լարված է իրավիճակը, բայց ոչ մեկս չէինք պատկերացնում, որ լայնածավալ պատերազմ է սկսվել»,- «Ալիք Մեդիա»-ի հետ զրույցում պատմում է Լիլիթ Բարսեղյանը։
Ընդամենը 20-օրյա մանկավարժական աշխատանքից հետո դասամատյանից ստիպված էր հրաժարվել։ «Դպրոց աշխատանքի ընդունվելը հեշտ չէր։ Դժվար է գիտակցելը, որ աշխատանքը, որը ստանալու համար այդքան ջանք ես գործադրել, այդպես արագ կարող ես կորցնել։ Բայց քանի որ համեմատության մեջ մի ամբողջ կյանք Արցախում թողնելն էր, աշխատանքի մասին չեմ մտածում»,- ասում է նա։
Լիլիթը նաեւ Արցախի պետական համալսարանում է աշխատել՝ որպես լաբորանտ։ Արցախի շրջափակման ժամանակ նրանց ինըհոգանոց ընտանիքը բազմաթիվ բարդություններ է հաղթահարել, բայց ամենադժվարը պատերազմի օրերն են եղել։
«Մեր ընտանիքը մեծ է, եւ շրջափակման օրերին իրար թեւութիկունք էինք լինում։ Ամեն մեկս մեր ծանոթի միջոցով սննդի խնդիր էինք լուծում, մի գյուղից մի բան գտնում։ Բայց եթե մեծերիս համար ինչ-որ կերպ հաղթահարելի էր, երեխաների համար շատ դժվար էր։ Ութամյա տղաս հաց շատ է սիրում։ Անընդհատ գալիս, ասում էր՝ «մա՛մ, հա՛ց տուր»։ Մինչեւ հիմա, երբ այդ օրերը հիշում եմ, մարմնովս սարսուռ է անցնում»,- ասում է Լիլիթն ու ավելացնում՝ շրջափակումից հետո իրենց տեսնելիս հայաստանաբնակ բոլոր բարեկամների արձագանքը նույնն է եղել՝ «Էս ո՜նց եք բոլորդ նիհարել»։
Երկու օր ճանապարհներին անցկացնելուց հետո՝ սեպտեմբերի 27-ին, Լիլիթի բազմանդամ ընտանիքը հասել է Հայաստան։ Հաստատվել են Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Վարձակալած տանը փորձում են տեղավորվել, հարմարվել կյանքի նոր պայմաններին։ Նրանց ութամյա տղան՝ Արմանը, ընդունվել է համայնքի դպրոց։ Մայրն ուրախ է՝ դպրոցում ուսուցիչներն ու ծնողները բոլոր նորեկներին նվերներով ու ջերմությամբ են ընդունել։
Արմանը երրորդ դասարանում է սովորում, սիրում է նոր դպրոցը, հասցրել է ընկերներ ձեռք բերել, բայց Ստեփանակերտի իր դասարանը շատ է կարոտում։ «Ընկերներիս հետ էի, երբ պայթյունները լսվեցին։ Դուրս եկա բակ, գիտեի՝ հայրիկս կգար իմ հետեւից»,- 10-ամյա տղան հիշում է սեպտեմբերի 19-ը, երբ հազիվ է հասցրել թաքնվել նկուղում։
Երկու հիմնական աշխատանքները կորցնելուց հետո Լիլիթի այժմյան եկամտի աղբյուրը ձեռագործությունն է։ Մանկավարժի սիրելի զբաղմունքը՝ տիկնիկագործությունը, այժմ դարձել է նրա հիմնական աշխատանքը։ Բռնի տեղահանվելիս ընտանիքը կարողացել է վերցնել միայն առաջին անհրաժեշտության պարագաներ ու հագուստ, բայց Լիլիթը չի մոռացել մի քանի կծիկ թելն ու հելունը։
«Հելունագործությամբ վաղուց եմ զբաղվել։ Խաղալիքներ էի գործում, պատվերներ ընդունում։ Բոլոր հաճախորդներն էլ գոհ էին։ Աշխատանքս միշտ սիրով եմ արել ու մանրակրկիտ։ Թեեւ հոբբի էր, բայց ինձ համար այնտեղ էլ եկամտի միջոց էր»,- ասում է Լիլիթը։
Հայաստան տեղափոխվելուց հետո տիկնիկագործը որոշել է վերսկսել աշխատանքն ու պատվերներ ընդունել։ Սոցցանցային էջերն ակտիվացրել է, եւ արձագանքները դրական են եղել։ «Շատ նամակներ սկսեցի ստանալ, ու բազմաթիվ պատվերներ եղան, այդ թվում՝ արտերկրից»,- ասում է տիկնիկագործը եւ հույս հայտնում, որ Հայաստանում էլ կշարունակի հաջողություններ գրանցել։
«Ես միշտ ամուր եմ եղել։ Չեմ սիրում, որ լացում են, գոռում են։ Արցախում շատ հաճախ էինք բարդ իրավիճակներում հայտնվում, սովորել էինք պայթյունների ձայնին ու նկուղներում մնալուն։ Չեմ հուսահատվել, որովհետեւ չեմ ուզում՝ երեխաներս ինձ կոտրված տեսնեն։ Հիմա էլ պիտի ամուր լինենք, հաղթահարենք, թեեւ մինչեւ այս պահն էլ լիովին չենք կարողանում ընկալել՝ ինչ է կատարվել»։
Լիլիթի աշխատանքները կարելի է տեսնել եւ պատվիրել իր աշխատանքային էջում։
Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելիս հավատացած էի` այն կարող է աշխարհը փոխել: Հիմա մտածում եմ` գուցե աշխարհը փոխել չստացվի, բայց որոշ դեպքերում իրավիճակ փոխել հնարավոր է: