Ես չգիտեմ, թե այս տողերի հասցեատերն ով է։ Իհարկե կարող էի Նիկոլ Փաշինյանի պես խոսել անմարմին եւ անդեմ ժողովրդի հետ, ավելին՝ այդ վերացական ամբողջությանը բանականություն շնորհեի՝ ինձ վերապահելով դրա տնօրինման մենաշնորհը։
Կարող էի նաեւ էլ ավելի լղոզել ասելիքս՝ ամեն ինչ ու ամենքին խցկելով Մենք դերանվան մեջ։ Օրինակ՝ այսպես․ «Մենք՝ հայերս, միասնական չենք․․․»։
Նման տեքստեր հիմնականում արտաբերում են հայրենատենչ հայ մտավորականները, էստրադային պոետները ու Քիսինջերին ռուսերեն ցիտող քաղաքագիտության պրոֆեսորները։
Բայց ես չգիտեմ, թե ում դիմեմ։ Ես ժողովուրդ չեմ տեսնում, չկա, գոյություն չունի։ Վստահաբար միասնությունը միֆ է, քանի որ չկա այնպիսի մի ունիվերսալ գաղափարախոսություն, որը կմիավորի բոլոր տարբերներին։
Իրականում հանրույթը (socium) շատ բարդ սոցիալական եւ մշակութային համակարգ է։ Չընդհատվող եթերներից հնչող կիսագիտական, կիսագողական, բայց, ամենակարեւորը, ռազմահայրենասիրական ու ապաքաղաքական բան-մանը տոնածառի խաղալիքի կարգավիճակ ունեն։
Այսինքն՝ սիրուն են ու անիմաստ։ Դրանք կապ չունեն ինքնության հետ։ Ավելին՝ շատերը ինքնությունը շփոթում են պատմական հիշողության հետ՝ կարծելով, թե ինքնությունը պետք է անպայման պատմական լինի։ Չէ՞ որ մեծ գլուխները չեն դադարում կրկնելուց, որ մենք Խորենացի, Տիգրան Մեծ, Նարեկացի, Կոմիտաս, Չարենց, Արամ Խաչատրյան ունեցող ազգ ենք։
Այս անունների շահարկումը ինքնության հետ կապ չունի։ Հիմքում ազգայնական էգոիզմն է, որպես կենսական բնազդների բավարարման միջոց։ Այդ անուններով հագեցնում են փառասիրության քաղցը, իմաստավորում թշվառ եւ անհեթեթ գոյությունը։ Որպես աղետի պատճառ դիտարկում են հեռացումը արմատներից ու, որպես կանոն, առաջարկում վերադառնալ ու վերստեղծել։
Չստեղծել, այլ վերստեղծել, այսինքն՝ ավանդույթի ուժով՝ ո՛չ ստեղծել եւ ո՛չ էլ վերստեղծել։ Վերջին տվյալներով՝ կործանել։
Պատմությունը, մշակույթը, արվեստը կարող են լինել որեւէ կամայական հանրույթի ինքնության բաղադրիչները։ Իսկ առանցքն ապրելու կերպն է, սոցիալական վարքագիծը։ Այսինքն՝ ինքնությունը ոչ թե քարացած կոթողներն ու անցյալի մեռելներն են, այլ հանրույթի, մարդու վերաբերմունքը դրանց նկատմամբ։
Այս առումով՝ Նարեկացուց մնում է նարեկաբուժությունը, Կոմիտասից՝ խելագարությունը, Տիգրան Մեծից՝ ծովից ծովը, Արամ Խաչատրյանից՝ հայ լինելը։
Ընդդիմախոսները կարող են ասել, թե մարդկանցից չի կարելի ակադեմիական գիտելիքներ պահանջել, եւ բոլոր ժողովուրդներն էլ տարված են միֆական մտայնություններով, գուշակություններով, մարգարեություններով։ Բոլորն էլ հավատում են հրաշքներին ու հպարտանում պատմությամբ։
Այո՛, ճիշտ քննադատություն է։ Լավ կամ վատ ժողովուրդներ չեն լինում։ Հավանաբար տարբեր սոցիալական եւ մշակութային միջավայրերում մարդը կգործի տարբեր կերպ, եւ էթնիկական ծագումն այստեղ էական նշանակություն չունի։ Այսինքն՝ խնդիրը միջավայրն է, որի մեջ ապրում ու գործում են մարդիկ։ Այլ պայմաններում հայն ու հայաստանցին ուրիշ արդյունքներ կարձանագրեին։ «Հյուսիսկորեական» հայը կլիներ տոտալիտար, իսկ «հարավկորեական» հայը՝ դեմոկրատական։
Փորձելով նկարագրել միջավայրը՝ գալիս եմ այն համոզման, որ 21-րդ դարի հայը որեւէ օրգանական կապ չունի իր պատմության հետ։ Իմ համոզմամբ՝ նրա ինքնությունը կազմված է երեք հիմնական տարրերից՝ սոցիալական ատելություն, գերեզմանների պաշտամունք եւ առեւտրով զբաղվելու միջազգային անվտանգային երաշխիքների փնտրտուք։
Վերջին առաքելությունը կարող է ստանձնել նույնիսկ Թուրքիան, չէ՞ որ Գրիգոր Տաթեւացու ժամանակներից սկսած՝ հայ քաղաքական միտքը ընդգծված ակնածանք է տածում քրիստոնեասեր մուսուլման տիրակալների նկատմամբ։
Նույն այս տրամաբանությամբ շատ շատերն էլ երջանկացել էին Արցախի նախագահների եւ գեներալների ձերբակալությամբ։ Միգուցե նրանք երախտապարտ էին Ալիեւից սոցիալական արդարություն հաստատելու եւ «թալանչիներին» պատժելու համար։
Մի բան հստակ է՝ սովետահայի հակաթուրքական ինքնությունը գոյություն չունի, դա այլեւս սպառված եւ արժեզրկված հիշողություն է՝ հագեցած ինքնախարազանման տարրերով։ Փոխարենը ավերակների կույտի վերածված հանրային կառույցն է, որտեղ չկան տեքստեր, արժեքներ, հեղինակություններ։
Կոմունիզմի երկրային արքայությունից դուրս մնացած մարդիկ այդպես էլ չմարսեցին անկախությունը։ Չներեցին, չհասկացան ու թունավորվեցին հեղափոխականությամբ։ Բառերը, զգացմունքները, աղոթքներն ու կենացները զրոյական արժեք ունեն։
Փարոսը, նպաստը, թոշակը, գրանտը, սուբսիդիան անմիջապես չեզոքացնում են դրանց մոգական ազդեցությունը։ Հատկապես, երբ տասը տարի նախագահ աշխատած ու տասը տարվա ընթացքում որեւէ արժեք չստեղծած Ռոբերտ Քոչարյանը մարդկանց հավերժ պարազիտանալու բացառիկ հնարավորություն է տվել։
Սա էլ է տարբերակ, բայց անհրաժեշտ է նկատել, որ ապրելու այդ կերպը հակոտնյա է քաղաքական ազգի գոյության հնարավորությանը։ Ամփոփելով շարադրանքը՝ կրկնենք վերոհիշյալ միտքը․ ժողովուրդ չկա, հանրային կառույցը կազմաքանդված է, իսկ հիմքում սոցիալական ատելությունն է։
Հայաստանի Հանրապետությունը՝ որպես գաղափար, արժեզրկման եւ կազմաքանդման շեմին է, իսկ սոցիալական ատելությամբ թունավորված մարդկային խմբերը դրսեւորման ընդամենը երկու տարբերակ ունեն․ փոխակերպվել ամբոխի կամ էլ ամփոփվել խոր թմբիրի մեջ։
Ներկայում տիրապետողը երկրորդ տարբերակն է, բայց ոչ ոք չի կարող բացառել ամբոխի արթնացումը։ Ես չգիտեմ, թե ով է այս տողերի հասցեատերը, բայց համոզված եմ, պետականաշինության նոր գործընթացին պետք է նախորդի հասարակաշինության շատ ավելի բարդ գործը։
Առանձին-առանձին մարդիկ միգուցե լավն են, բայց որպես հավաքականություն՝ նրանք ի վիճակի չեն պաշտպանելու եւ զարգացնելու այս երկիրը։
Լրագրող, հրապարակախոս։ Գրում է քաղաքականության մասին, հետաքրքրությունների շրջանակում են՝ բարոյագիտությունը, կրոններն ու քաղաքական փիլիսոփայությունը։