«Պետք է դասեր քաղենք Ուկրաինայում եւ Մերձավոր Արեւելքում ընթացող պատերազմներից, որոնք բնութագրվում են քաղաքների վրա զանգվածային հրթիռակոծություններով եւ խաղաղ բնակիչների զանգվածային մահերով»,- Haqqin.az-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան: «Հետեւաբար Ադրբեջանում անհրաժեշտ է ստեղծել նախազգուշացման ժամանակակից համակարգ եւ կառուցել ռմբապաստարաններ»,- նշել է նա։
Պատգամավորը նշել է, որ Ադրբեջանի հարեւաններն ահաբեկչությունը հովանավորող եւ ծայրահեղական կազմակերպությունների կողմից բոլոր տեսակի սպառնալիքներ ստեղծող երկրներ են: Ըստ այդմ՝ նա պնդում է, որ ռմբապաստարանների առկա ցանցը եւ օդային տագնապի նախազգուշացման գործող համակարգը պետք է արդիականացնել՝ հաշվի առնելով դրանց էական նշանակությունը բնակչության կյանքը պաշտպանելու գործում:
Ինչպես Haqqin.az-ի հետ զրույցում հայտնել է պահեստազորի գնդապետ Շաիր Ռամալդանովը, ռազմական կոնֆլիկտի կամ օդային հարձակման սպառնալիքի դեպքում Ադրբեջանի քաղաքներում նախկինում կառուցված շենքերը մարդկանց պատսպարման համար պիտանի չեն։ Նրա կարծիքով՝ թեեւ Բաքվում եւ Ադրբեջանի այլ քաղաքներում դեռեւս խորհրդային ժամանակաշրջանում կառուցված բոլոր շենքերի նկուղներն ի սկզբանե նախատեսված էին օդային եւ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու համար, սակայն դրանցում հիմա տեղակայված են հիմնականում առեւտրի կամ սպասարկման օբյեկտներ։ Բացի այդ՝ Ադրբեջանի ամբողջ տարածքի բնակավայրերում առկա են զգալի քանակությամբ հին տներ, որտեղ ընդհանրապես բացակայում են նկուղային հարկերը: Այս դեպքում բնակիչների թաքստոց է դիտարկվում մոտակա տներից որեւէ մեկի նկուղը։ «Ծայրահեղ պայմաններում բոլոր այն տարածքները, որտեղ կարող է ապաստանել քաղաքացիական բնակչությունը, կօգտագործվեն որպես ռումբերի ապաստարան»,- համոզմունք է հայտնում պահեստի սպան։
Ըստ ամենայնի՝ Ադրբեջանում հիմնավորված մտավախություն կա, որ այդ երկրի վրա հնարավոր հարձակման դեպքում ներկայիս քաղաքացիական պաշտպանության համակարգը չի կարողանա ապահովել բնակչության անվտանգությունը։ Ընդ որում, եթե հաշվի առնել աշխարհաքաղաքական որոշակի վերադասավորումների հետեւանքով տարածաշրջանում Ադրբեջանի ձեռք բերած դիրքը եւ նրա աճող ռազմատենչ հռետորաբանությունը, դա կարող է դիտարկվել որպես լուրջ սպառնալիք առհասարակ Կովկասում տիրող առանց այն էլ փխրուն իրավիճակի կտրուկ եւ ամբողջական սրացման համար, հետեւաբար՝ ով-ով, բայց ադրբեջանական տարբեր գործիչները, որոնք ահազանգում են բնակչության քաղպաշտպանության խնդիրների լուծման մասին, հաստատաբար գիտեն, որ դրա կարիքը կա։
Պատրաստեց Տիգրան Աթանեսյանը