Բահրեյնն իր դեսպանին հետ է կանչել Իսրայելից եւ խզել է տնտեսական հարաբերությունները Իսրայելի հետ։ Դրա մասին հայտարարել է երկրի Ներկայացուցիչների խորհուրդը (խորհրդարանի ստորին պալատ) իր կայքում։ Երկիրը 2020 թվականին էր դիվանագիտական հարաբերություններ հաստատել հրեական պետության հետ։
«Սա Բահրեյնի պատմական դիրքորոշման հաստատումն է Պաղեստինի գործին եւ եղբայրական պաղեստինցի ժողովրդի օրինական իրավունքների պաշտպանությանը՝ համաձայն Նորին Մեծություն թագավորի՝ նախկինում արած հայտարարությունների»,- ընդգծել են օրենսդիրները:
Հաղորդվում է, որ Բահրեյնում Իսրայելի դեսպանն արդեն լքել է երկիրը։
Բահրեյնի խորհրդարանի ստորին պալատն իր հայտարարությամբ ընդգծել է, որ ռազմական գործողությունների շարունակությունը, ինչպես նաեւ «իսրայելական շարունակվող էսկալացիան՝ միջազգային մարդասիրական իրավունքին չհամապատասխանելու լույսի ներքո», ստիպում են պաղեստինցի խաղաղ բնակիչների կյանքը պահպանելուն ուղղված համարժեք որոշումներ եւ միջոցներ ձեռնարկել։
Տարածաշրջանում իրավիճակի վատթարացման պատճառով ավելի վաղ Իսրայելից իրենց դեսպաններին հետ էին կանչել Հորդանանը, Կոլումբիան եւ Չիլին, իսկ Բոլիվիան հայտարարել էր Իսրայելի հետ հարաբերությունները խզելու մասին։