Միացյալ Նահանգները Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ավելի քան 150 կազմակերպություն, ինչպես նաեւ 37 ֆիզիկական անձանց: «Սեւ ցուցակում» ընդգրկված են նաեւ ընկերություններ Չինաստանից, ԱՄԷ-ից, Թուրքիայից, Կիպրոսից, Շվեյցարիայից, Մոնղոլիայից եւ Ուզբեկստանից։ Պատժամիջոցներ են սահմանվել բանկերի, արդյունաբերական եւ առեւտրային, էներգետիկ ոլորտի ընկերությունների եւ կրթական հաստատությունների նկատմամբ։
Պատժամիջոցների տակ են հայտնվել Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության փոխղեկավար Ալեքսեյ Բեսպրոզվաննիխը, ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անաստասիա Բոնդարենկոն, թվային զարգացման նախարարության ղեկավարի տեղակալ Օլեգ Կաչանովը, ՌԴ ԱԻՆ փոխնախարար Ալեքսեյ Սերկոն։ Պատժամիջոցներ են սահմանվել նաեւ Չեչնիայի Հանրապետության կառավարության փոխնախագահ Յակուբ Զաքրիեւի նկատմամբ։ Ցուցակում ներառված են նաեւ Իռլանդիայի, Լատվիայի, Կիպրոսի եւ Թուրքիայի քաղաքացիներ։