Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները ռազմական, հումանիտար եւ այլ օգնությունների գողության փաստեր չեն հայտնաբերել։ Ըստ Fox News-ի՝ դրա մասին հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։
«Ուկրաինացիները, նախագահ Զելենսկին, նրա կառավարությունը, խորհրդարանը, նույնիսկ պատերազմի ժամանակ, բազմաթիվ քայլեր են ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, մասնավորապես՝ պատասխանատվության ենթարկելով մի շարք պաշտոնյաների եւ խորհրդարանի անդամների»,- հավելել է Բրինքը։
Դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում Ուկրաինային օգնության մատակարարումների նկատմամբ։
«Կարող եմ ասել, որ ոչ մի միավոր տեխնիկա, մարդասիրական օգնություն կամ պարզապես բյուջետային աջակցություն կամ այլ տեսակի օգնություն չի օգտագործվել այլ նպատակների համար»,- ընդգծել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը։
Դեռ 2023-ի հուլիսին CNN-ը հայտնել էր, որ, ըստ Պենտագոնի գլխավոր տեսուչի զեկույցի, անցյալ տարի Ուկրաինայում յուրացվել են Արեւմուտքի կողմից տրամադրված «որոշ զենքեր եւ սպառազինություններ»։ Մասնավորապես, զեկույցն ընդգրկում է 2022 թվականի փետրվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հերքել էր այդ տեղեկությունները։
Սեպտեմբերին ԱՄՆ-ը պաշտպանության նախարարությունը գլխավոր տեսուչ Ռոբերտ Սթորչին գործուղեց Ուկրաինա՝ վերահսկելու համար այնտեղ ուղարկվող սպառազինությունը։