CNN-ն անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի անօրինական ձերբակալությանը։ CNN-ի մեկնաբան Քրիստիան Ամանփուրին այդ թեմայով հարցազրույց է անցկացրել ամերիկահայ ձեռնարկատեր եւ բարերար, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանի հետ։ Վերջինս Ռուբեն Վարդանյանին առնչվող իրավիճակը չափազանց ցավալի է համարել։ Ինչ վերաբերում է նրան առաջադրված մեղադրանքներին, Moderna ընկերության համահիմնադիրը դրանք «փաստական հիմքից զուրկ» է որակել։
Աֆեյանը պատմել է, որ անցած 23 տարիների ընթացքում Ռուբենի հետ մարդասիրական եւ բարեգործական տասնյակ ծրագրեր են իրագործել Հայաստանում։ Նա նշել է, որ անցյալ տարվա աշնանը Ռուբենը տեղափոխվել էր Արցախ՝ օգնելու արցախցիներին՝ վերականգնելու իրենց արժանապատվությունը եւ փորձելու դիմակայել իրենց վրա գործադրվող Բաքվի ճնշմանը։
«Երեք ամիս նա պետնախարար էր, բայց այդ պաշտոնը լքելուց հետո մնաց այնտեղ՝ մարդասիրական ծրագրեր իրականացնելով եւ մարդկանց օգնելով»,- շեշտել է Նուբար Աֆեյանը։
«Ըստ իս՝ Ռուբենը համայն հայության խորհրդանիշն է։ Նրա ձերբակալությունն ու նրա նկատմամբ մեղադրանքները նպատակ ունեն հոգեբանական խոշտանգումների ենթարկելու աշխարհի 10 միլիոն հայերին»,- ասել է Moderna-ի տնօրենների խորհրդի նախագահը։
Աֆեյանը հույս է հայտնել, որ միջազգային դերակատարները աչք չեն փակի եւ չեն խրախուսի անարդարությունն ու անպատժելիությունը։ «Մենք իսկապես պետք է դրա դեմ հանդես գանք»,- ընդգծել է ամերիկահայ գործարարը։