«Սամվել Շահրամանյանի մասնակցությամբ նախօրեին «Մարիոթում» տեղի ունեցած փակ հանդիպումը, թերեւս, առաջին վախվորած փորձն էր։ Եվ դա է պատճառը, որ որեւէ կառուցողական որոշում չի ընդունվել»,- գրում է «Հրապարակ» թերթը։ Պարբերականը հիշեցնում է, որ Սուրեն Պետրոսյանի նախաձեռնությամբ էր կազմակերպվել այն, եւ Շահրամանյանից բացի մասնակցում էին Հայաստանի եւ Արցախի հասարակական գործիչներ, մտավորականներ, սահմանադրագետներ, իրավաբաններ, մեկ-երկու քաղաքական գործիչ Արցախից։ Հանդիպման նպատակը Արցախի պետական ինստիտուտների պահպանումն ու վտարանդի կառավարության ձեւավորումն էր։ Հանդիպումը փակ էր, եւ մասնակիցները քննարկման բովանդակությունը գաղտնի պահելու պարտավորագիր են ստորագրել:
Մի ուշագրավ հանգամանք եւս, «Մարիոթում» հանդիպմանը չեն հրավիրել ՀՀ տիտղոսակիր ընդդիմության ոչ մի ներկայացուցչի։ Չնայած, մեր տեղեկություններով, նրանց` Հայաստան տեղափոխվելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, այդ թվում` Սեյրան Օհանյանը, Սամվել Շահրամանյանի հետ մի քանի անգամ զրուցել են եւ առաջարկել՝ ինչով կարող են օգնել: Շեշտել են, որ եթե արցախյան գործիչները որոշել են գործողություններ սկսել` Արցախի պետական ինստիտուտների պահպանման, Արցախի կարգավիճակի հետ կապված, ապա խորհրդարանական ընդդիմության «պադդերժկայի» վրա կարող են լիարժեք հենվել: Եթե կարիք կա, իրենք էլ քննարկումներ, ֆորումներ կկազմակերպեն այս թեմաներով։
«Բայց ակնհայտ է, որ Սամվել Շահրամանյանն ու արցախյան էլիտան չեն ուզում ասոցացվել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ անգամ ՀՅԴ-ի հետ։ Գուցե տեղի են տվել ՔՊ-ականների հարձակումների առաջ, գուցե ֆեյքաֆեյսբուքախառը զանգվածն է նրանց վրա ազդել: Իսկ գուցե արցախյան գործիչները հույս ունեն, որ սրանով Արցախի հարցը չի դառնա ներքաղաքական շահարկումների առարկա, եւ իրեն չեն մեղադրի, թե իշխանության համար են կռիվ տալիս»,- նշում է «Հրապարակ»-ը։ Ըստ թերթի՝ ԱՀ նախագահին մոտ կանգնած աղբյուրը վստահեցրել է, որ իրականում խնդիրը տարանջատվելը չէ, Շահրամանյանն իրականում «պաուզա» է վերցրել, քանի որ մեկ նպատակ ունի՝ ամեն գնով լուծել արցախցիների` Արցախ վերադարձի խնդիրը, որի մասին իր հարցազրույցում էլ ասաց։ Այդ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով նա հանդիպումներ է ունենում արեւմտյան տարբեր երկրների դեսպանների, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հույս ունի, որ աշխարհաքաղաքական կենտրոնների միջոցով Արցախին միջանկյալ կարգավիճակ կշնորհվի, եւ արցախցիները կվերադառնան Արցախ: