Կորեայի Հանրապետությունը պաշտոնական նոտայով տեղեկացրել է, որ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երեւանում՝ Հայաստանի Հանրապետությունում։
Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:
«Անշուշտ, մենք էլ ցանկություն ունենք Կորեայում՝ Սեուլում, բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն։ Կարծում ենք, որ մեծ ներուժ կա Հայաստան-Կորեա հարաբերություններում, եւ փոխադարձաբար դեսպանության բացումը երկու մայրաքաղաքներում կնպաստի, որ այդ ներուժն ավելի լավ իրացվի»,- ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ Հայաստանը դիվանագիտական ներկայացուցչություն կբացի նաեւ Լյուքսեմբուրգում, որի հետ,
նախարարի բնորոշմամբ, վաղուց ի վեր հրաշալի հարաբերություններ են ձեւավորվել։