Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը նոյեմբերի 3-4-ին Հայաստան եւ Ադրբեջան այցից առաջ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի բռնագաղթին եւ Հարավային Կովկասի իրավիճակին։
Բերբոքը Հայաստան մեկնելուց առաջ հայտարարել է, որ 100 հազար երեխա, կին եւ տղամարդ Լեռնային Ղարաբաղում այնքան էին ահաբեկված, որ այլ ելք չտեսան, քան ապահովության համար փախչել իրենց հայրենիքից: Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել փախստականներին ընդունելու համար։
«Սա տարածաշրջանի ժողովուրդների՝ հայերի եւ ադրբեջանցիների համար ցավալի պատմության վերջին գլուխն է: Լեռնային Ղարաբաղի՝ շուրջ երեսնամյա հակամարտությունը հսկայական վերքեր է թողել երկու կողմերին էլ: Վերքերն աներեւակայելի խորն են, բայց կարող են ապաքինվել երկարատեւ հեռանկարում»,- նշել է Բերբոքը:
Ըստ Գերմանիայի արտաքին քաղաքական գգերատեսչության ղեկավարի՝ խաղաղությունն ու բարգավաճումը կարելի է ձեռք բերել բոլորի համար: Նա նշել է, որ Հարավային Կովկասը դրա համար հսկայական հնարավորություններ է տալիս։
«Մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք շատ կոնկրետ առաջարկներով աջակցելու տարածաշրջանին այս ճանապարհին։ Սեւ ծովով նախատեսված ստորջրյա հաղորդակցման մալուխը՝ որպես ԵՄ գլոբալ դարպասների մաս, կարող է իրար ավելի մոտեցնել Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաեւ մեզ»,- նշել է Գերմանիայի արտգործնախարարը:
Բերբոքը հավելել է, որ Եվրոպական ներդրումային բանկը պատրաստ է հոգալու 45 միլիոն եվրո ընդհանուր արժեքի գրեթե կեսը։ Նա հավաստիացրել է, որ Գերմանիան Հարավային Կովկասի երկրների հետ ցանկանում է կառուցել մի տարածաշրջան, որը կհաղթահարի անցյալի ստվերները եւ կձեւավորի ժողովուրդների ապագայի շահերը։