Չինական BYD ընկերության հետ Հայաստանում համատեղ ընկերություն ստեղծելու հարց է քննարկվել: Սրա մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Ծրագրեր ենք մշակում էլեկտրամոբիլների արտադրությունն ու սպառումը խթանելու համար։ Այս նպատակով հանդիպել եմ չինական BYD եւ մի շարք այլ ավտոարտադրող ընկերությունների հետ։ Քննարկել ենք Հայաստանում համատեղ ձեռնարկություններ ստեղծելու հարցը։ Ավտոմեքենաների պարկը թեթեւացնելու կարիք կա։ Դրա հետ մեկտեղ ուզում ենք տեղական արտադրություն սկսել»,– նշել է Քերոբյանը։
Ըստ նրա՝ էլեկտրական մեքենաների վերաբերյալ խնդիրն այն է, որ 2022-2023 թվականներին եղած քվոտաները մասնակի են օգտագործվել։ Այսինքն` քվոտան 8000 է եղել, բայց ներմուծվել է 4000-ը։ Փորձը ցույց է տալիս, որ քվոտաներն ավելացնելն իմաստ չունի, որովհետեւ այն տեմպը, որով մասնավոր սեկտորը մեքենաներ է ներկրում, այնպիսին է, որ դա կբավականացնի։