«Եթե Արցախում հայ բնակչություն չի մնացել, ապա ռուսական խաղաղապահ զորախմբի այնտեղ մնալն իմաստ չունի, թեեւ կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնությունը կփորձի, հեղինակությունը պահպանելու նկատառումներով, այնուամենայնիվ, տարածաշրջանում որոշակի թվակազմով զորամիավորում ունենալ»,- Իրավունք.com-ին տված հարցազրույցում նշել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Նա դժվարացել է գնահատական տալ՝ քաղաքական առումով դա ճի՞շտ կլինի, թե՞ ոչ։ Եվ խոստովանել է, որ մի կողմից՝ ստատիկ ներկայության իմաստ չի տեսնում, մյուս կողմից, սակայն, ՌԴ խաղաղապահների՝ այնտեղ գտնվելու փաստը կստիպի ադրբեջանցիներին ավելի զգուշավոր պահվածք դրսեւորել։
«Հատկապես կրոնամշակութային հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողություններ չկատարելու առումով, քանի որ մենք գիտենք Նախիջեւանում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը»,- նշել է ռուս խորհրդարանականը։